Իրանն ու Ռուսաստանը Հայաստանին օգնել են իրենց շահերից ելնելով. Ալեն Սիմոնյան

Երբ Իրանը հայտարարում է աշխարհաքաղաքական փոփոխությունների անընդունելիության մասին, նա դա անում է առաջին հերթին իր համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ Իրանը մեծ սիրո համար չէ, որ հանդես է գալիս Հայաստանի կողքին։ «Նա զենք է վաճառում և իր պետական շահերից ելնելով է զբաղվում դրա փոխադրմամբ։ Դա վերաբերում է նաև Ռուսաստանին։ Դուք կարծում եք, որ Ռուսաստանը պետք է մի կո՞ղմ դնի իր շահերը և հայտարարի. «Նրանք լավ կոնյակ ունեն, ուրեմն եկեք ինչ-որ բան անենք նրանց համար»։ Իհարկե ոչ։ Բոլոր երկրները, այդ թվում՝ մենք, ունեն իրենց շահերը»,-ասաց Սիմոնյանը։

«Ղարաբաղյան խնդրից բացի ուրիշ ի՞նչ խնդիր ունենք։ 30 տարի զբաղվել ենք այդ հարցով։ Ի՞նչ տեղի ունեցավ 30 տարի անց: Պատերազմ սկսվեց»,-նշեց նա։