Արցախում մեկնարկել է տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունման գործընթացը

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունումը:

Միանվագ դրամաշնորհից կարող են օգտվել Արցախի Հանրապետությունում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող այն տնտեսավարողները, որոնց կողմից՝

– 2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներով հայտարարագրված աշխատողների թվաքանակը (հաշվի չառնելով 2022 թվականի նոյեմբերի 30-ից հետո աշխատանքի ընդունված աշխատողների թվաքանակը) կազմում է 2022 թվականի նոյեմբեր ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով հայտարարագրված աշխատողների թվաքանակի առնվազն 92.5 տոկոսը (աշխատողների թվաքանակը կլորացվում է դեպի ներքև),

– հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներով 2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսների համար վճարված (վճարման ենթակա) աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների և  քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտների (այսուհետ՝ եկամուտ) մեծությունն ըստ ամիսների կազմում է հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2022 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարված (վճարման ենթակա) եկամուտների մեծության առնվազն երկու երրորդը,

– աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներին  ամբողջությամբ վճարվել են հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2023 թվականի հունվար ամսվա համար հաշվարկված եկամուտները,

– ամբողջությամբ վճարվել են հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2023 թվականի հունվար ամսվա համար հաշվարկված հարկերի ու սոցիալական վճարների գումարները:

Միանվագ դրամաշնորհը տրամադրվում է յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով 136 000 ՀՀ դրամի, իսկ 2023 թվականի հունվար ամսվա եկամուտների մեծությունը այդ չափից պակաս լինելու դեպքում՝ եկամուտների փաստացի մեծության չափով: