Հայաստան 404՝ Արևմուտքի ծրագիրը (տեսանյութ)

https://youtube.com/live/qqJDvYP-Q9I

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Վերադասի և ստորադասի միջև հարաբերությունները չեն կարող կառուցողական լինել, վերադասը միշտ հրամայում է, ստորադասը կատարում է։ Եթե Հայաստանը երկու ոտքերի վրա ամուր կանգնած, զարգացած, իր անվտանգությունն ապահովող, դաշնակիցների հետ լավ հարաբերություններ ունեցող պետություն լիներ, ապա իր նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող պետությանը դժվար պահին օգնության ձեռք մեկնելը ընկալելի կլիներ՝ որպես ուժեղ ու մեծահոգի պետություն։ Անդրադառնալով Թուրքիա հայ փրկարարներին ուղարկելու ՀՀ իշխանությունների քայլին՝ նման տեսակետ հայտնեց փորձագետը։ Ըստ նրա՝ անգամ նման քայլից հետո Թուրքիան իր մոտեցումը Հայաստանի նկատմամբ չի փոխելու։ Թուրքիայի հետևում կանգնած պետություններն իրենց քաղաքականությունը, ծրագրերը մշակում են տասնյակ տարիների համար, և որևէ աղետ չի կարող փոխել այդ ծրագրերը։ Կարող են ինչ-որ գործընթացներ շատ կարճ ժամանակով դանդաղել։

Երբևէ հնարավո՞ր է բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի միջը։ Հնարավոր է, եթե Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ական պետության հակառակորդ ճամբարում գտնվող պետության ֆորպոստ՝ անառիկ, ռազմականացված ու գաղափարական ամրոց։

Խոսելով խաղաղության պայմանագրից, Հայկ Այվազյանն ասաց, որ ՀՀ իշխանություններին իրականում այդ խաղաղության պայմանագիրը չի հետաքրքրում, նրանք լծվել են Ռուսաստան-Արևմուտք հակամարտության գործընթացին՝ սպասարկելով Արևմուտքի շահերը։ Ադրբեջանը դա շատ լավ տեսնում է և հաշվարկում՝ եթե Հայաստանը հեռանում է Ռուսաստանից, ապա ինչո՞ւ այսօր կնքեն խաղաղության պայմանագիր, եթե վաղը դա կարող են ավելի լավ պայմաններով անել։ Սպասում են Հայաստանը հեռանա Ռուսաստանից, զրկվի անվտանգային համակարգից և իրականացնեն իրենց երազանքը՝ կյանքի կոչելով Արևմտյան Ադրբեջանի գաղափարը։

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի այդ խաղաղության պայմանագրի միջնորդի հավակնություն ներկայացնող Արևմուտքը Հայաստանից։ Դրա ցայտուն օրինակն Ուկրաինան է, և Արևմուտքը նույն սցենարը ցանկանում է իրականացնել նաև մեր տարածաշրջանում՝ այստեղի պետությունները իբրև հարվածող բռունցք օգտագործելով Ռուսաստանի դեմ։ Իսկ այդ բռունցքի առաջնագծում լինելու են Հայաստանը և Վրաստանը, որոնք էլ զոհաբերվելու են Արևմուտքի շահերին։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում