Հայաստանը Բաքվից հերթական պատասխանն է ստացել խաղաղության համաձայնագրի առաջարկների վերաբերյալ․ Միրզոյան

Հայաստանը Բաքվից հերթական պատասխանն է ստացել խաղաղության համաձայնագրի առաջարկների վերաբերյալ։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը հայտնել է, որ դեկտեմբերին Մոսկվայում նապատեսվում էր Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարների հետ հերթական հանդիպումը։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակի պատճառով Հայաստանը հետաձգել է հանդիպման մասնակցությունը։ «Չնայած դրան, մենք ներկայացրել ենք մեր առաջարկները։ Մի քանի օր առաջ մենք հերթական պատասխանն ենք ստացել ադրբեջանական կողմից»,- ասել է Միրզոյանը։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այս գործընթացը շարունակական է, փուլային։ «Մենք շարունակում ենք աշխատանքը։ Դա շատ կարեւոր է՝  հասկանալու համար, որ թեեւ Լաչինի միջանցքը փակ է եւ մարտահրավերները դեռ կան, սակայն բանակցային գործընթացը չի դադարել։

Այլ հարց է, որ դրան չի նպաստում, եթե չասենք խոչընդոտում է Բաքվի հակահայկական հռետորաբանությունը եւ գործողությունները, կարեւոր չէ՝ խոսքը Հայաստանի թե Արցախի մասին է, ագրեսիվ գործողությունները, Հայաստանի դեմ ագրեսիայի հետեւանքները չեն վերացվել, հումանիտար ճգնաժամն Արցախում»,- թվարկեց Միրզոյանը։

Միաժամանակ նախարարը վստահեցրեց, որ ցանկացած պարագայում պաշտոնական Երեւանը վճռական է խաղաղության օրակարգի հարցում եւ շարունակելու է ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։