Բայդենը Էրդողանին ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հանրապետությունում ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում, տեղեկացրել է Սպիտակ տունը։

«Նախագահը հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային այս ողբերգությունից հետո։ Նախագահ Բայդենն ամերիկացի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել նրանց, ովքեր տուժել կամ մերձավորներ են կորցրել իրար հաջորդող երկրաշարժերի պատճառով»,- նշվել է ԱՄՆ վարչակազմի՝ երկու ղեկավարների զրույցի հիման վրա տարածած հաղորդագրությունում։

Նշվել է նաև, որ Բայդենն անդրադարձել է ամերիկացի մասնագետների աշխատանքի հարցին, որոնք «օպերատիվ աջակցություն կցուցաբերեն Թուրքիային որոնողափրկարարական և այլ աշխատանքներում», ինչն արդիական է երկրաշարժից հետո։ Դա ներառում է նաև բուժօգնության ցուցաբերում և առաջին անհրաժեշտության առարկաների առաքում, նշել են Բայդենի վարչակազմում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերածություններ։