Օտարվել է ոչ գործող զորամաս. Գլխավոր դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննությանը ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք օտարված զորամասերը գործող են եղել։
«Այդ պահին այդ զորամասը, զորանոցը,  չգիտեմ ինչ է դա եղել, գործող է եղե՞լ, թե ոչ։ Այսինքն, դրան նախապես նախորդել է նախարարի կողմից  զորամասը փակելու գործընթաց, հետո սեփականաշնորհում, թե՞ դա չօգտագործվող տարածք է եղել»։
Միջնորդագիրը ներկայացնող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց. «Եթե ես ձեր հարցը ճիշտ հասկացա՝ ի նկատի ունեք  գործող զորամա՞սն են օտարել, թե՞ ոչ։ Ոչ։
Հիմնավորումներում էլ  որպես վկա հարցաքննված անձինք նշում են, որ մենք այդքան միավորներ չունեինք այդ զորանոցում տեղավորելու համար և,  ըստ էության, այդ զորանոցներն մեզ այլևս պիտանի չէին»։