Կայացվում է վերդիկտ՝ առանց պատիժ նշանակելու. Վարդապետյանը՝ Սեյրան Օհանյանի գործի մասին

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի  քննությանը ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից.
«Տեղի ունեցավ քննություն, գործը գնաց դատարան, դատարանը տվեց իր վճիռը, ինչպե՞ս է իրականացվում արդարադատությունը վճռից հետո, օրինակ, եթե դատարանի վճռով դատապարտեց որևէ պատժի՝ հաշվի առնելով վաղեմության ժամկետի առկայությունը»։
Աննա Վարդապետյանը պատասխանեց. «Ի՞նչ է տեղի ունենում, եթե վաղեմության ժամկետն անցած է, և մենք ամեն դեպքում վարույթը շարունակում ենք։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կայացվում է վերդիկտ՝ առանց պատիժ նշանակելու։ Դա Քրեական դատավարության օրենսգրքի իմպերակտիվ պահանջն է։
Բայց եթե նկատել եք դատախազության վերջին 4 ամսվա աշխատանքից, մենք միայն քրեական վարույթով չենք սահմանափակվում, յուրաքանչյուր նման դեպքերում, երբ կա Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակմամբ կատարված չարաշահում, զուգահեռ նաև պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվում դատարան։ Այսինքն, նպատակը ոչ միայն պատիժն է, այլև պետության և հանրային հարստությունից դուրս բերված միավորների վերադարձը։
Մենք էլ ենք չէ՞ հանրային ռեսուրս վատնում այսօր այս ամբողջ նախաքննությունն իրականացնելով։ Դրա արդյունքում դատախազությունը գոնե ակնկալում է, որ այդ գույքը պետք է վերադարձվի ազգային հարստության բալանս»։
Արսենյանը հստակեցրեց հարցը՝ ենթադրենք դատաքննությունն ավարտվեց, նշանակվեց պատիժ ազատազրկման տեսքով, վաղեմության ժամկետն ազդո՞ւմ է ազատազրկումը կրելու կամ չկրելու վրա։
«Այո, պատիժ չի նշանակվում այդ դեպքում։ Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում»,- պատասխանեց Աննա Վարդապետյանը։