ԱԺ-ը քննարկում է Սեյրան Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազը և խորհրդարանականը պետք է հանդես գան քսան րոպեանոց ելույթով, որից հետո նրանց կարող են հարցեր տրվել։ Այնուհետև տեղի կունենա մտքերի փոխանակություն։ Դրանից հետո պատգամավորը և գլխավոր դատախազը կարող են հանդես գալ եզրափակիչ խոսքով։
ԱԺ որոշումը խորհրդարանական խմբակցության ղեկավարի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնության մասին ընդունվելու է գաղտնի քվեարկությամբ։
Նշենք, որ Ազգային ժողովը ստացել է գլխավոր դատախազի երեք միջնորդություն Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Փաստացի տվյալների համաձայն, որոնք ստացվել են առաջին քրեական վարույթի ընթացքում, պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է առանձնակի մեծ չափերի վատնումներ (երկու դրվագ), ինչպես նաև, ելնելով անձնական և խմբակային այլ շահերից, օգտագործել է իր պաշտոնեական դիրքն ընդդեմ ծառայության շահերի, ինչն անզգուշաբար ծանր հետևանքներ է առաջացրել (երկու դրվագ)։
Բացի այդ, պաշտպանության նախկին նախարարը, պաշտոնական անձ լինելով, ելնելով խմբակային շահերից, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի դեմ։ Նա չի կատարել իր անմիջական ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշաբար առաջ է բերել ծանր հետևանքներ։ Վատնումների հետևանքով, ըստ գլխավոր դատախազության, Սեյրան Օհանյանը յուրացրել է առանձնակի խոշոր չափերի գույք։