Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Ռուսաստանը օգնություն կուղարկի Թուրքիային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հաստատել է երկրաշարժի հետեւանքների վերացման հարցում Թուրքիային աջակցելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը։ Այս մասին զրույցի արդյունքներով հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Մոսկվան Անկարային է փոխանցել երկրաշարժի հետեւանքների վերացմանն աջակցելու կոնկրետ առաջարկներ։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին հզոր երկրաշարժերի հետեւանքները վերացնելու օգնություն առաջարկելու համար, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի։

«Թուրքիայի նախագահը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին նման օպերատիվ եւ անկեղծ արձագանքի համար եւ նշել է, որ հանձնարարում է երկրի իրավասու գերատեսչություններին ընդունել ռուս փրկարարների օգնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։