Երևանի փողոցները մաքրելու համար լրացուցիչ աղ են ներկրում
Փետրվարի 5-ին տեղումները Երևանում դադարել են ժամը 12.30-ի սահմաններում, մինչ այդ անձնակազմն աշխատել է. լույս 6-ի գիշերը ևս աշխատել ենք, որևէ խնդիր չի առաջացել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշերը ժամը 4-ին, հիմնական սառածության հետ կապված: Մեկ ահազանգ ենք ունեցել Դավիթ Բեկի փողոցից, մնացած բոլոր փողոցները բանուկ են և բաց: Երեկ ցերեկը ամբողջությամբ աշխատել են երկրորդային փողոցների և շենքեր տանող ճանապարհների մշակմամբ:
Քանի որ լարվածությունը պահպանվելու է մինչև փետրվարի 10-ը, հիմա աղի ներկրման հարցերով են զբաղված, լրացուցիչ քանակությամբ աղ են բերում: Բոլորը գիտեն, որ հիմա աղի քանակությունը խառնուրդի մեջ ավելի շատ է, քան կարմիր ավազի մեջ: Մինչև -7 աստիճանի համար դա բավարար է»,-ասաց նա՝ հավելելով, որ ամբողջ համակարգը լարված աշխատում է:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց ուշադիր լինել, որ համատիրությունները բակային տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնեն: