Թուրքիայի որոշ դաշնակիցներ փորձում են ապակայունացնել երկիրը. Թուրքիայի ՆԳ նախարար

Թուրքիայի մի շարք դաշնակիցներ փորձում են ապակայունացնել երկիրը և թաքցնել որոշ տեղեկություններ անցած տարի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մասին, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2022 թվականի նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող հետիոտնային Իսթիքլյալ փողոցում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վեց մարդ զոհվել է և 81-ը վիրավորվել: Կասկածյալ ահաբեկչուհին ձերբակալվել է, նա խոստովանել է, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ:

Սուլեյման Սոյլուն մերժել է ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները ողբերգության կապակցությամբ և պնդել է, որ հարձակումն իրականացնելու հրամանը եկել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, հանցագործը Թուրքիա է մտել Աֆրին քաղաքով։

Ավելի վաղ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները դադարել են այցելուներ ընդունել՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։

Այդ երկրների դեսպաններին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, նրանց ասել են, որ նման գործողություններն անհիմն են։

ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի օրը՝ հունվարի 30-ին, նույնպես զգուշացրել է իր քաղաքացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։