Պետությունը թոշակառուների ուսերին ևս մեկ հոգս ավելացրեց (տեսանյութ)

https://youtube.com/live/R2WtSe_1Xas

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վռամ Սարգսյանն է։

2023 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները անկանխիկ եղանակով են վճարվում՝ բացառապես բանկերի միջոցով։ Մինչև փետրվարի 1-ը այդ վճարներն անկանխիկ եղանակով տրամադրվում էին ինչպես բանկերի, այնպես էլ ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի միջոցով։ Սակայն ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան որոշմամբ՝ Ազգային օպերատորը 2023 թվականի փետրվարի 1-ից չի կարող կենսաթոշակներն ու նպաստները անկանխիկ եղանակով վճարել ներկայիս կարգով։ Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն ու նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ կենսաթոշակի և նպաստի վճարումը նախընտրած բանկի միջոցով շարունակելու համար։ Ըստ Վռամ Սարգսյանի՝ այս փոփոխությունը մի շարք դժվարություններ ու անհարմարություններ է առաջացնում հատկապես տարիքով թոշակառուների համար՝ սկսած հերթերից ու քաշքշուկներից մինչև բանկային համակարգից օգտվելու դժվարությունները։ Բազմաթիվ թոշակառուներ են զանգահարում միություն և տեղեկացնում, որ օրենքի կիրառումը թերի է իականացվում, բանկերում թոշակառուներին սպասարկելու առանձին համակարգ գոյություն չունի, և նրանք պետք է երկար ժամանակ հերթի մեջ սպասեն։ Շատ դեպքերում ավտոմատ կերպով արված բանկային բաշխումը հաշվի չի առնում՝ այս կամ այն թոշակառուի բնակավայրի մոտ տվյալ բանկի մասնաճյուղ կա՞, թե ոչ, և ավելի հարմար բանկ ընտրելու համար նա պետք է նորից դիմի սոցապ նախարարություն։

Այսօր Հայաստանում մոտ 450 հազար թոշակառու կա, որոնց գրեթե 20 տոկոսը միայնակ են՝ ըստ հաղորդման հյուրի ներկայացրած վիճակագրության։ Եվ այդ միայնակ թոշակառուների համար պետությունը թոշակից բացի այլ կարիք չի հոգում՝ անվճար կամ զեղչով դեղորայք ձեռք բերելու, հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն։ Իսկ վճարած թոշակը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղի համար։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում