Միշտ ուզել եմ զինվորական դառնալ․ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները վարժանքներ են անցկացնում (տեսանյութ)

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային զինծառայողը կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 000 դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները վարժանքներ են իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից:

Վարժանքների ժամանակ հիմնական շեշտը դրվել է կրակային պատրաստության, ֆիզիկական և մարտավարության վրա։

«Միշտ ուզել եմ զինվորական դառնալ, և ծրագիրն ինձ համար այնպիսի հնարավորություն է, որ կարող եմ շարունակել զինծառայությունը ժամկետային ծառայությունից հետո»,–ասում է վարժանքների մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 7-ին ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։

Պայմանագրի ժամկետի ավարտից կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամ զորացրվելուց հետո զինծառայողը, ըստ օրենքի, կստանա 5 մլն դրամ պարգևավճար։

Պայմանագիր կնքած զինվորականները կանցնեն ատեստավորում և դրական արդյունքի դեպքում կստանան աշխատավարձի հավելավճարներ։