«Հայաստանը կարևոր է համարում ԵԱՏՄ-ում միասնական թվային տարածքի ձևավորումը». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին:

«Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի Հանրապետության համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը,- Ասաց Փաշինյանը։ – Հայաստանի Հանրապետության՝ ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետևողականորեն աճում է։ Մենք մեր կողմից ոլորտային պետական աջակցություն ենք ցուցաբերում ՏՏ բիզնեսին։ Անցյալ տարի ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ։

Միևնույն ժամանակ, մեզ համար կարևոր խնդիր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածության ձևավորման հարցը։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել տեղեկատվության փոխանակման միջպետական համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը։

Միության թվային օրակարգի հիմքերից մեկը պետք է լինի «կարգավորիչ ավազատուփերի» ռեժիմի համատարած օգտագործումը։ «Կարգավորիչ ավազատուփերի» հատուկ իրավական ռեժիմների կիրառման շնորհիվ կկրճատվեն թվային փոխակերպման նախագծերի իրականացման ժամկետները, իսկ ներկայացված նախագծերի որակը կբարձրանա, ինչն իր հերթին կարագացնի համաեվրոպական մասշտաբով թվային նախագծերի մեկնարկը։

Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ միասնական թվային տարածություն ձևավորելիս չպետք է մոռանալ տեղեկատվական տվյալների պաշտպանության ինտեգրված համակարգի ձևավորման մասին։

Այս համատեքստում, հատկապես արդիական է համարվում տվյալների շրջանառության վերաբերյալ միջազգային համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատանքների արագացումը»: