Շրջափակման պատճառով Արցախի գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել. փոխնախարար

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել, այդ թվում՝ կերային բազայի համալրման հետ կապված, «Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը։

«Վիճակը հատկապես կրիտիկական է  խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, նաև այն փաստով, որ  2023 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոզերի գլխաքանակն աճել է շուրջ 30 տոկոսով, այսինքն՝ կերի պահանջարկն աճել է: Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում»,-մանրամասնել է Առստամյանը։

Փոխնախարարի խոսքով` նշված կերերի պակասը որոշ ժամանակ կլրացվի պահուստային պաշարների հաշվին, բայց հետագայում կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ, քանի որ պաշարը, բնականաբար, անսպառ չէ:

Անդրադառնալով մսամթերքի առկա պաշարներին՝ Տիգրան Առստամյանն ընդգծել է` հստակ հնարավոր չէ նշել, թե որքան կբավարարեն:

«Մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներով (սննդային նյութերով և էներգիայով ապահովման առումով) պայմանավորված` մսի առկա  քանակն անբավարար կարելի է համարել,  սակայն նվազագույն զամբյուղի հաշվարկներով արտադրանքի քանակը բավարար է: Այս օրերին շուկայում տավարի և ոչխարի մսի պակաս է նկատվում, ինչը պայմանավորված է սեզոնային որոշ առանձնահատկություններով: Արդեն գարնան ամիսներին այս հարցը  կկարգավորվի՝ նորածին գառների և մատղաշների հասունացմամբ պայմանավորված»,-իրազեկել է նախարարի առաջին տեղակալը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում