Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին շաբաթվա կարևոր իրադարձությունները հակիրճ․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներակայացնում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին շաբաթվա կարևոր իրադարձությունները՝ հակիրճ։

Ռազմական իրադրություն

  • «Ростех»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ ռուսական բանակում հրետանային սովի մասին խոսք լինել չի կարող։ Պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները զգալիորեն ավելացրել են զինամթերքի արտադրությունը հատուկ ռազմական գործողության կարիքների համար:
  • Ուգլեդարի շրջանում վերջին օրերին օդում խոցվել է ուկրաինական Սու-25 գրոհային ինքնաթիռը։ Պավլովկայի և Ուգլեդարի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտների վրա ակտիվորեն կիրառվել է «TOS-1A» «Սոլնցեպյոկ» հրետանին։ Մի շարք հարվածներ են հասցվել Զապորոժյեի ենթակառուցվածքների օբյեկտներին։ Պայթյուններ են տեղի ունենում Խարկովում և Օդեսայում։ Ուկրաինական Մի-8 ուղղաթիռ է խոցվել Զապորոժյեի մարզում։ Մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Դնեպրոպետրովսկում (Դնեպր)։ Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Օչակովում հատուկ գործողությունների ուժերի 73-րդ ծովային կենտրոնի ռազմաբազային հասցված հարվածի արդյունքում զոհվել են բրիտանացի վարձկանները, որոնք ուկրաինական հատուկ նշանակության ջոկատի նախապատրաստությունն էին իրականացնում ծովում դիվերսիաներ իրականացնելու համար: Ռուս զինվորականները Խերսոնի շրջանի Կրուգլիկ լճի շրջանում ոչնչացրել են երկու մոտորանավակ և մինչև 10 դեսանտ։
  • Արդիականացված «Պանցիրները» կուժեղացնեն ռուսական ՀՕՊ-ը Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության անցկացման գոտում։ «Панцирь-СМ» զենիթահրթիռային և թնդանոթային համալիրները, որոնք նախատեսվում է տեղակայել Ուկրաինայում, կարող են նույնիսկ փոքր թիրախներ հայտնաբերել մինչև 75 կմ հեռավորության վրա և խոցել դրանք մինչև 40 կմ հեռավորության վրա:
  • Ռուս դեսանտայիններն արդեն ուսումնասիրում են գերմանական «Leopard 2» տանկերի ոչնչացման ձեռնարկները։
  • Ռուսական բարձրահարկ ՄիԳ-31 կործանիչները իրականացնում են պարեկություն հատուկ ռազմական գործողության անցկացման գոտու օդային տարածքում։
  • Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Կիրիլ Բուդանովը կարծում է, որ այս տարի ՌԴ-ն կկենտրոնանա Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում ավելի մեծ տարածքի օկուպացիայի վրա:
  • ՌԴ ՊՆ-ի տվյալներով` Ուկրաինայում ողջ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 381 ինքնաթիռ, 206 ուղղաթիռ, 2996 ԱԹՍ, 402 ԶՀՀ, 7706 տանկեր և այլ զրահամեքենաներ, 998 ՀԿՌՀ, 3978 հրետանային միջոցներ, 8243 հատուկ զինվորական մեքենաներ։
  • Ուկրաինայի ԶՈւ ԳՇ տարածած հաղորդագրության համաձայն ռուսական կողմը պատերազմի սկզբից մինչև օրս կրել է հետևյալ կորուստները՝ մոտ 129030 մարդ, տանկ` 3211, զրահապատ մեքենաներ` 6382, հրետանային համակարգեր` 2212, ՀԿՌՀ` 458, ինքնաթիռներ` 293, ուղղաթիռներ` 284, օպերատիվ-մարտավարական մակարդակի ԱԹՍ` 1951, թևավոր հրթիռներ` 796, ռազմանավեր` 18, ավտոմոբիլային տեխնիկա և ավտոցիստեռն` 5064, հատուկ տեխնիկա` 200։
  • Ուկրաինական ռազմական լրագրողները հայտնում են, որ ռուսական զինուժը հերթական անհաջողությունն է կրել՝ փորձելով բեկում մտցնել Բախմութում։
  • Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 20 մլրդ գրիվեն հատկացնել զինվորականների համար հարվածային անօդաչու թռչող սարքեր գնելու համար։

Ռազմական աջակցություն Ուկրաինային շահագրգիռ երկրների կողմից

  • Գերմանիան մինչև մայիսի վերջ Ուկրաինային կփոխանցի իր «Leopard 2» տանկերը։
  • Բելգիայի իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինային փոխանցել NASAMS ԶՀՀ-ները, ինչպես նաև հրաձգային զենքեր ու զինամթերք։ Իր հերթին Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային ուղարկել 30 միավոր T-72 մարտական տանկ և ևս 30 միավոր «PT-91 Twardy» (T-72-ի արդիականացում), ինչպես նաև արդեն հայտարարված 14 միավոր «Leopard 2»-ները:
  • Բունդեսվերը հայտնել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ փոխանցելու մասին, որում ներառված են նաև IRIS-T զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված հրթիռներ։ Ապագա մատակարարման շրջանակներում նախատեսված է նաև 14 միավոր «Leopard 2a6» հիմնական մարտական տանկեր՝ զինամթերքով, 2 միավոր bergepanzer, 3 միավոր զրահապատ վերանորոգման և տարհանման մեքենաներ, օդային հսկողության ռադարներ։ Իսկ Ֆրանսիան և Իտալիան, իրենց հերթին, համատեղ պատվիրում են 700 հակաօդային հրթիռներ SAMP-T-ի համար, որոնց մի մասը կուղևորվի Ուկրաինա:
  • «Quantum-Systems GmbH» ընկերությունը հայտարարել է թռիչքի երկար տեւողությամբ 105 լրացուցիչ հետախուզական ԱԹՍ-ների մատակարարման մասին, որոնք նախատեսված են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական աջակցության համար: Ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից:
  • Ֆրանսիան եւ Ավստրալիան համատեղ Ուկրաինայի համար 155 մմ արկեր կարտադրեն։
  • Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 12 միավոր «Caesar» ինքնագնաց հրետանային կայանքներ և կվերապատրաստի ուկրաինացի զինվորականներին։
  • Էստոնիան Գերմանիայից թույլտվություն է խնդրել Ուկրաինային կասետային զինամթերքի վերաարտահանման համար։
  • Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային ավելի քան 200 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա փոխանցելու մասին՝ «Husky», «Mastiff», «Wolfhound», «Spartan» և «Stormer»։
  • Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը հայտարարել է, որ «Challenger 2» տանկերը կարող են Ուկրաինա հասնել մինչև ամառ կամ մայիսին։

Բանակցային գործընթաց

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Sky News»-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը, իսկ ինքը՝ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինա ներխուժելուց հետո նրա համար ոչ ոք է։
  • Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը, որը մասնակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, շարունակում է մասնակցել երկրների միջև շփումներին, բայց այժմ նրա դերը հանգում է գերիների փոխանակման կամ հացահատիկային գործարքի շուրջ բանակցություններին, գրել է «The Wall Street Journal»-ը:
  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցանկանում է շարունակել Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու ջանքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններում։ Նա «Կրեմլի հետ բանակցությունների խողովակը բաց է պահում»։
  • Ռուսաստանը մերժում է ՄԱԿ-ի քարտուղարության միջնորդության որևէ հնարավորություն Ուկրաինայի հետ բանակցություններում՝ հայտարարելով կազմակերպության ղեկավարությունում «չեզոքության» բացակայության մասին, պնդում է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը:

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել Ուկրաինային ավելի շատ սպառազինություն տրամադրել ՝ ՌԴ-ի կրկնակի հարձակման մեծ հավանականության պատճառով։
  • Ուկրաինան և Ֆրանսիան հուշագիր են ստորագրել Ուկրաինական ՀՕՊ-ի համար MG-200 ռադարների մատակարարման մասին։
  • Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինային կործանիչների հնարավոր մատակարարման հարցը ԵՄ-ում լուրջ տարաձայնությունների է հանգեցրել, ուստի այդ հարցը օրակարգում չկա։
  • ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի դիմակայությունն աճում է։ Ուկրաինայի պաշտպանության մասին վաղուց խոսք չի գնում, Կիևն ու Արևմուտքը պատրաստ են ամեն ինչի, որպեսզի առավելագույն վնաս հասցնեն Ռուսաստանին։ Ուկրաինային արևմտյան տանկերի մատակարարումը չի փոխի իրավիճակը, բայց դա նոր մակարդակի է հասցնում Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությունը։
  • Ամերիկյան Կոնգրեսի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Բայդենից և Պենտագոնի ղեկավար Օսթինից պահանջել են բացատրել պատճառները, թե ինչու է ԱՄՆ-ն տանկեր ուղարկում Կիև, և ինչու հարկատուները պետք է աջակցեն Ուկրաինայում հետագա էսկալացիային:
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն ֆիքսում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում նոր հարձակման նախապատրաստուման հնարավորություն։
  • Իսրայելի արտաքին գործերի նախարար էլի Քոենը հայտարարել է մոտ ժամանակներս Կիեւ այցելելու մտադրության մասին, ինչը կարող է դառնալ Իսրայելի կառավարության ներկայացուցչի առաջին պաշտոնական այցը Ուկրաինա ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։
  • Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կոչ է արել արեւմտյան երկրներին «հատել կարմիր գիծը» եւ կործանիչներ ու հեռահար հրթիռներ ուղարկել Ուկրաինային։
  • Ամերիկյան General Atomics ընկերության սեփականատերն առաջարկել է Ուկրաինային վաճառել երկու MQ-9 Reaper հարվածային անօդաչու թռչող սարքը եւ վերգետնյա կառավարման կայանը 1 դոլարով: Նախաձեռնությունը ներկայացվել է ԱՄՆ կառավարության քննարկմանը։

Ներքին զարգացումներ

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 29-ին իր երեկոյան տեսաուղերձում Դոնբասում իրավիճակը որակել է որպես «կոշտ»։ Իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում երկրի արևելքում տիրող իրավիճակը անվանել է «շատ բարդ»։
  • Ուկրաինայի ՊՆ-ն իր դիրքորոշումն է հայտնել նախկին պաշտոնյաների նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ. «Պաշտպանության նախարարությունն իր գործունեության մեջ ցուցաբերում է թափանցիկություն և ամեն կերպ աջակցում է իրավապահ մարմիններին դատավարական միջոցառումների անցկացման գործում»։
  • Միացյալ Նահանգները «թեժ գիծ» է բացել Ուկրաինայի քաղաքացիների համար, որտեղ կարելի է հաղորդել ամերիկյան ռազմական եւ հումանիտար օգնության ոչ նպատակային օգտագործման մասին:
  • Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը պետծառայող կանանց արգելել է ռազմական դրության ժամանակ առանց նախնական ծանուցման մեկնել արտերկիր:
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ այցելել է Նիկոլաևի մարզ։
  • Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկություններ է իրականացրել օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու տանը։ Նրան մեղադրում են մաքսային վճարների վճարումից խուսափելու եւ ավելի քան 40 մլրդ գրիվնի նավթամթերք վատնելու մեջ։
  • Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովի տանը խուզարկություններ են կատարվել Բրովարիում ուղղաթիռի կործանման գործով, որի ժամանակ զոհվել է երկրի ՆԳՆ ղեկավարությունը:
  • Ուկրաինայի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարը և նրա երկու տեղակալները հեռացվել են ծառայությունից:
  • Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առողջական սահմանափակումներ ունեցողները ևս կարող են մոբիլիզացվել անվտանգության ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար:

Միջազգային մեդիայի անդրադարձ

  • «Financial Times» պարբերականը գրել է, որ F-16 կործանիչներ արտադրող ամերիկյան Lockheed Martin ընկերությունը պատրաստ է իր ինքնաթիռները մատակարարել այն երկրներին, որոնք իրենց կործանիչները կփոխանցեն Ուկրաինային։
  • «The Wall Street Journal» պարբերականը գրել է, որ Լեհաստանն իր տարածքում ռազմական տեխնիկայի վերանորոգման լայնածավալ ծրագիր է սկսել Ուկրաինայի զինված ուժերի համար։
  • «Politiko» պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ում գտնվող General Dynamics գործարանը ամսական միայն 12 միավոր «Abrams» մարտական տանկեր կարող է արտադրել: Նրա արտադրական գծերն ամբողջությամբ լցված են Լեհաստանի (250 միավոր) և Թայվանի (108 միավոր) պատվերներով:
  • «The Telegraph» բրիտանական պարբերականը հայտնում է, որ Լոնդոնը դիտարկում է Կիևին կործանիչներ փոխանցելու հնարավորությունը արդեն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Այսպիսով, եթե նույնիսկ Մոսկվան ընդունի Արևմուտքի առանցքային պայմանը` զորքերի դուրսբերման մասին, ոչ մի դեէսկալացիայի մասին խոսք չկա։
  • «The Hill» պարբերականը գրել է, որ ամերիկացիների թիվը, որոնք դժգոհ են Կիևի իշխանություններին ցուցաբերած չափազանց աջակցությունից, անընդհատ աճում է։ ԱՄՆ քաղաքացիները, ներառյալ պաշտոնյաներն ու կոնգրեսականները, դժգոհում են, որ հարկատուների փողերը գնում են Ուկրաինա։