ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը

Ռուսական կողմը պատրաստակամ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցով երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական ռաունդը։

Այս մասին նշվել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցում։

«Նախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիները։ Շեշտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով աշխատանքի վերականգնման կարևորությունը։ Ռուսական կողմը հաստատել է Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցով երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական ռաունդը կազմակերպելու պատրաստակամությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։