Կացարանի հրդեհից հետո հարցազրույց տված դասակի հրամանատարը ազատվել է աշխատանքից

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի առթիվ հարցազրույց տված դասակի հրամանատարը կարճ ժամանակ անց ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ դասակի հրամանատարը հրդեհի առթիվ հարուցված վարույթի շրջանակում հարցաքննվել է որպես վկա։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նախաձեռնված վարույթի շրջանակում օրեր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել էր զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն։ Նա մեղադրվում է զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն մեղադրանքով այսօր ձերբակալվել է նաեւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն։