Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում է որոշակի պարբերականությամբ ակտիվացող ներքաղաքական ինտրիգները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում է որոշակի պարբերականությամբ ակտիվացող ներքաղաքական ինտրիգները, քան բուն շրջափակումով պայմանավորված բարդությունները:

Աթոռակռիվ, բամբասանք, ամբիցիաներ, ինտրիգ, արտոնությունների և դիրքի համար պայքար, անիմաստ լարվածություն և հասարակության բևեռացման մեծ վտանգ. սրանք այն երևույթներն են, որոնք հատկապես այսպիսի ծանր իրավիճակներում չպետք է տեղ գտնեն արցախյան իրականությունում:

Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը, ուժերի գերլարումն ու ռեսուրսների համախմբումը հանուն մեկ նպատակի` Արցախի ու արցախցիների գոյության:

Արցախցին գիտի պայքարել, իր գոյությունը պաշտպանել, դիմայել դժվարություններին, բայց տանել չի կարողանում սուտը, կեղծիքը, անազնվությունը, երեսպաշտությունն ու դավաճանությունը: