Տարածաշրջանային լարվածությունն ու Նիկոլի հայակործան քաղաքականությունն ի՞նչ նոր վտանգներով են հղի (տեսանյութ)

https://youtube.com/live/hMx1ONj3kJY

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

«Բանակի տոնը մեր կարևորագույն տոներից մեկն է, ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր ասում են, թե մենք բանակ չունենք, որ մեր բանակը բարդ վիճակում է գտնվել տասնյակ տարիներ, ինչ-որ տարիներ են նշում, ակնհայտ է մի փաստ, որ այդ անձինք ուղղակի ուրացող են և ուրանում են այն ամենը, ինչին ժամանակին մասնակցություն են ունեցել»,- անդրադառնալով հունվարի 28-ին Սասուն Միքայելյանի ձևակերպումներին՝ ընդգծեց բանախոսը՝ հավելելով, որ սա ընդամենն անձնական շահից բխող մտքեր են, այսինքն անձնական, միջանձնային հարթության մեջ խնդիրները տարածում են պետական մակարդակի։

Փորձագետի հետ անդրադարձ է կատարվել հունվարի 23-ին ԵՄ խորհրդի՝  Հայաստանում երկու տարի ժամկետով Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին որոշմանը և ՌԴ ԱԳՆ-ի բացասական արձագանքին։ Մասնավորապես շեշտադրում կատարվեց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության այն ձևակերպմանը, որ «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կցորդի վերածված եւ ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է տարածաշրջան միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել եւ սրել առկա հակասությունները», ինչպես նաև Ռուսաստանի կողմից հերթական անգամ Հայաստանին հնարավորություն ընձեռելու վերաբերյալ ձևակերպմանը՝ «Արձանագրում ենք, որ Երեւանում, առանց տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շահագրգռված են օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա այդ առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում»:

Անդրանիկ Հովհաննիսյանը ընդգրկուն վերլուծության ենթարկեց Եվրամիության գործունեության նպատակները, հայաստանյան իշխանության վարած քաղաքականության ազգակործան հետևանքները՝ ընդգծելով, որ տպավորություն է, թե փորձում են փափուկ բարձ դնել մեր քաղաքացիների գլխի տակ, որպեսզի պատրաստ չլինեն ադրբեջանական հարձակումներին․ «Հավատացեք, որ եվրամիության ներկայացուցիչները ոչ զենք կունենան, համենայն դեպս դա գրված է իրենց առաքելության կանոնադրության մեջ, այն քաղաքացիական է լինելու, այսինքն՝ իրենք մեքենաների մեջ մի կետից հասնելու են մյուս կետ, ուսումնասիրելու են իրավիճակը և, իհարկե, հայտնի չէ այդ ուսումնասիրության արդյունքները հետո որտեղ են հայտվելու»։

«Եվրամիության գլխավոր նպատակը և ընդհանրապես Արևմուտքի նպատակը նրանում չէ, որ Արցախը հանձնվի թշնամուն, կամ Հայաստանը վատ վիճակում հայտնվի, գլխավոր նպատակը, որ ռուսական ազդեցությունը դուրս բերվի Հարավային Կովկասի տարածաշրջանից», – հավելեց բանախոսը՝ կարևորելով նաև այստեղ Իրանի դերակատարությունը, որը նույնպես Արևմուտքի սրտով չէ, և վերջիններիս քայլերն ուղղված են նաև Իրանի դեմ։

Բանախոսի հետ խոսել ենք նաև հունվարի 28-ի գիշերն Իրանի դեմ իրականացված գործողության՝ անօդաչու թռչող սարքերով որոշ օբյեկտների հարվածներ հասցնելու և Իրանի դեմ իրականացված բավականաչափ լայն քարոզչական գործողության մասին, որով փորձ է արվել ներկայացնել, թե իբր Իրանը ունակ չէ պաշտպանել իրեն, այդ գործողություններում Իսրայելի ներգրավվածության և առհասարակ Իսրայելի ոչ հայանպաստ քաղաքականության մասին։

Ամփոփելով՝ փորձագետը անդրադարձավ նաև Բերձորի ճանապարհի փակ մնալու և Ադրբեջանի քայլերի տրամաբանությանը, որից դատելով կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը պատրաստվում է այս տարի ավելի ծավալուն ռազմավարական գործողությունների։

Մանրամասները՝ տեսանյութում