ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննարկում են Գնաճի իջեցման մասին օրենքի հասանելիության ընդլայնման գործարքը

ԱՄՆ-ն և Եվրամիությունը քննարկում են օգտակար հանածոների և կրիտիկականորեն կարևոր հումքի վերաբերյալ հնարավոր գործարքը, որպեսզի թույլ տան ԵՄ-ին հավակնել արտոնությունների նախագահ Ջո Բայդենի «կանաչ» ներդրումների նոր պլանում, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Գնաճի իջեցման մասին օրենքը, որը նախատեսում է նոր ծախսեր և հարկային արտոնություններ տասը տարվա ընթացքում, մոտ 500 մլրդ դոլարի չափով՝ ԱՄՆ-ում արտադրության և սպասարկումների զարգացման համար, առաջարկում է  որոշակի բացառություններ այն երկրների համար, որոնք համաձայնագրեր կկնքեն ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի մասին։ Աղբյուրների խոսքով՝ կարևոր նյութերի վերաբերյալ գործարքը, որոնք օգտագործվում են էլեկտրամեքենաների և մարտկոցների համար, կարող է ԵՄ-ին այդ առավելություններից որոշների հասանելիություն ապահովել։

Օրենքի՝ ամերիկյան արդյունաբերությունը խթանելու շեշտադրումը զայրացրել է Ասիայի և Եվրոպայի առևտրային գործընկերներին, քանի որ այն նրանց դուրս է մղել ԱՄՆ շուկայից, հատկապես ավտոմեքենաների շուկայից։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անցած տարեվերջին  հասկացրել էր, որ որոշ օգուտներ կարող են ստանալ այն երկրները, որոնք առևտրային համաձայնագրեր կկնքեն Վաշինգտոնի հետ, որոնք ԵՄ-ն դեռ չունի։ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ խնդիրը կարող է լուծվել նոր գործարքների օգնությամբ՝ կապված օգտակար հանածոների հետ։

«Գուցե ինչ-որ համաձայնագիր լինի, որը վերաբերի օգտակար հանածոների, կարևոր հանքանյութերի վաճառքին և այլն»,- ասել է Յելենը Wall Street Journal-ին։ «Եթե երկրները համաձայնեին դրան, ապա նման մի ինչ-որ բան ապագայում կարող է որակվել որպես ազատ առևտրի գոտի։ Մենք մտածում ենք այդ մասին»։

ԱՄՆ նոր օրենսդրությունն առաջարկում է սպառողներին հարկային արտոնություն մինչև 7 500 դոլար էլեկտրամեքենաների համար, որոնք հավաքվել են Հյուսիսային Ամերիկայում, պայմանով, որ դրանց կուտակիչների հումքն արդյունահանվի կամ վերամշակվի ԱՄՆ-ում կամ այն երկրներում, որոնց հետ կնքվել է համաձայնագիր ազատ առևտրի մասին, և կազմի 40 տոկոսից ոչ պակաս։ Սա նշանակում է, որ ԱՄՆ որոշ գործընկերներ, ինչպիսին են Կանադան և Մեքսիկան, կարող են համապատասխանել օրենքի պահանջներին, այն դեպքում, երբ օտարերկրյա այլ ավտոարտադրողները՝ ոչ։

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև քննարկումները վաղ փուլում են։

Աղբյուրների խոսքով՝ օգտակար հանածոների և հումքի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր, որն ընդհանուր առմամբ ուղղված կլինի Չինաստանից կախման նվազմանը, կարող է ներառել նաև այլ երկրներ, այդ թվում պոտենցիալ առումով՝ Ինդոնեզիան և Արգենտինան։ Բայդենի վարչակազմը դիտարկում է նաև այն հարցը, թե արժե արդյոք Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը՝ ԱՄՆ-ի ղեկավարության ներքո, որը ներառում է Ճապոնիան և Հարավային Կորեան, համարել համաձայնագիր, որը թույլ կտա մասնակից երկրներին շահ ունենալ նոր օրենքից։

ԱՄՆ-ն, հավանաբար, կցանկանա կենտրոնանալ միայն կարևոր հանքանյութերի արդյունահանման և վերամշակման վրա, որոնք օգտագործվում են տրանսպորտային միջոցներում, այն դեպքում, երբ ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի ցանկացած համաձայնագիր ներառի նաև վերամշակված նյութերը։

ԵՄ-ի որոշ ղեկավարներ հավաստիացնում են, որ Գնաճի իջեցման մասին օրենքն անարդարացիորեն սուբսիդավորում է ամերիկյան ընկերություններին և չի համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Ավելի վաղ, այս ամիս, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Կրոոն ԱՄՆ-ին մեղադրել էր Ատլանտիկայի միջոցով «կանաչ» արդյունաբերություն կիրառելու փորձի մեջ։