Տարածաշրջանային նոր բանաձևումներում ԵՄ-Հայաստան հնարավոր մարտահրավերները

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն հիմնումը, անշուշտ, բավականաչափ կարևոր գործոն է Ադրբեջան-Հայաստան հակամարտության և Բաքվի ագրեսիվ վարքը զգալիորեն սահմանափակելու տեսանկյունից։ ԵՄ կողմից նման որոշման կայացումը հնարավոր եղավ նաև Բրյուսելի և Երևանի շահերի համադրման արդյունքում։ Ընդհանուր առմամբ, ԵՄ այս քայլը 2022 թ. հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքների ամրապնդումն է։ Այն ապահովում է հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ քաղաքական ազդեցության աճ և նոր որակի ներգրավվածություն, դերակատարում։

Նման ներգրավման համար հնարավորություն ստեղծվեց նաև աշխարհաքաղաքական ներկա իրողությունների համատեքստում, հատկապես նաև Հարավային Կովկասում և Հայաստանում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ազդեցության թուլացմանը զուգընթաց։

Այսպիսի պայմաններում ավանդաբար Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի շահերի և ակտիվ ներգրավման ձգտումների գոտի հանդիսացող տարածաշրջանում ԵՄ-ի քաղաքական ազդեցության աճը որոշակի առումով նաև խնդրահարույց է՝ ենթադրելով Բրյուսելի մրցակից տարածաշրջանային դերակատարների կողմից հակազդեցության տարաբնույթ գործողություններ։ Այս տեսանկյունից, բնականաբար, ուկրաինական ճգնաժամի հետևանքով Արևմուտք-Ռուսաստան ծայրահեղ լարվածության ֆոնին ավանդաբար Մոսկվայի ուղիղ և համակողմանի ազդեցության գոտի համարվող Հայաստանում, ադրբեջանահայկական հակամարտության տիրույթում Բրյուսելի հավակնությունները զսպելու պատրաստ առաջնային խաղացողը Մոսկվան է, որի հակազդելու գործիքակազմը բավականաչափ բազմաշերտ է։ Թեմայի շուրջ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը նշվաշի վառ ապացույցն է։

Երկրորդ խնդրահարույց իրողությունը, որ կարելի է ակնկալել այս գործընթացից, բնականաբար, Ադրբեջանի դիրքորոշումն է, ինչը մասին ևս ակնարկվում է արդեն այդ երկրի ԱԳՆ հայտարարության տեքստում։ Քանի որ, եթե Պրահայի առաջին հանդիպման ժամանակ ԵՄ առաքելության գործուղումը փոխհամաձայնեցված էր նաև Ադրբեջանի հետ, ապա այս դեպքում, ինչպես տեսնում ենք՝ այդ առաքելության գործարկումը պայմանավորված է ԵՄ-Հայաստան առանձին փոխհամաձայնությամբ, հետևաբար այդ առաքելությունը, նաև որոշակիորեն նպաստելու է Հայաստանի դեմ ադրբեջանական սադրանքների նվազեցմանը։ ԵՄ տեսանկյունից սա հավելյալ բաղադրիչ է Ադրբեջանից մեծացած էներգետիկ կախվածության աճի համատեքստում Բաքվին զսպելու գործիքակազմում։

ԵՄ առաքելության գործարկումը կարող է որոշակի առումով խնդիրներ առաջացնել նաև Իրանի դիրքորոշման տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում Թեհրան-Բրյուսել հարաբերություններում արձանագրվող լարվածությունը՝ պայմանավորված Իրանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների չորրորդ փաթեթի կիրառմամբ։

Վերոնշյալի համատեքստում քաղաքացիական առաքելությունը, որքանով որ հնարավորություն է ընձեռելու Բրյուսելին՝ ամրապնդելու սեփական ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում, այնուամենայնիվ, որոշակի առումով նաև խնդիրներ է առաջացնելու, որոնց լիարժեք դիմագրավման հարցում ԵՄ համար հույժ կարևոր է ԱՄՆ-ի հետ սերտ և համակարգված փոխգործակցությունը։

Նշված տարածաշրջանային բանաձևումներում հնարավոր  նոր մարտահրավերներից խուսափելու համար զգալի պատասխանատվություն է կրում անշուշտ, նաև Հայաստանը՝ առնվազն գործընկերների՝ Ռուսաստանի, Իրանի շրջանում ստեղծված իրողությունները բացառապես Ադրբեջանից բխող սպառնալիքներով հիմնավորելով և նման բնույթի համագործակցության ժամանակային պայմանական  սահմանները Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ դիտարկելով։

#Հարափոփխ_տարածաշրջան, #անփոփոխ_հարևաններ»։