Լիբանանահայությունն Արցախին զորակցելու հավաք է կազմակերպել

Հունվարի 25-ին լիբանանահայերն իրենց զորակցությունն են հայտնել Արցախին՝ հավաքվելով մայրաքաղաք Բեյրութում և հայաբնակ Անջար (Այնճար) քաղաքում: Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է. «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը:

Բեյրութում լիբանանահայերի հավաքը տեղի է ունեցել հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում:

Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» օրաթերթի աշխատակից Արշո Պալյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ ժամը 12-ից մինչև 14-ը փակ էին ոչ միայն Բուրջ Համուդի հայկական, այլև արաբական խանութները, նաեւ՝ Բեյրութի այլ շրջանների խանութներ: Հավաքը, ըստ մեր զրուցակցի, բազմամարդ էր, դրան մասնակցում էին նաև արաբներ:

Արցախին զորակցելու հավաքը կազմակերպել էին Լիբանանում գործող հայկական երեք ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն, ներկա էին նաեւ հայ առաքելական, հայ կաթողիկե եւ հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչները:

Արշո Պալյանը նշում է, որ հավաքից 10 րոպե առաջ Լիբանանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի փակման մասին:

Նախարարությունը, մասնավորապես, ցավ է հայտնել միջանցքի փակման համար, ինչի հետևանքով Ղարաբաղում ստեղծվել է մարդասիրական ճնշող իրավիճակ: Միևնույն ժամանակ Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել երկկողմ բանակցությունները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։