Կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանին Քննչական կոմիտեն խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորությամբ դիմել է դատարան: Այս մասին տեղեկացրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա հայտնեց, որ Գոռ Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք https://livenews.am/press/2023/210339/26/12/53/ , որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց,  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության  սպան, հանդիսանալով նստեցման շրջանի  պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, ինչի հետևանքով կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: