Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի

Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Սակայն, հաշվի առնելով  մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:

Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

Հիշեցնենք, որ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Թշնամին կտրել է Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, անջատել է գազամատակարարումը։ Գազամատակարարումը երեկվանից մասնակի վերականգնվել է։

Չնայած տարբեր երկրների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, թշնամու կողմից Արցախի պաշարումը շարունակվում է։