Ամերիկա-իսրայելական զորավարժությունների ընթացքում «իրանական միջուկային օբյեկտների» ուղղությամբ հարվածներ կմշակվեն
Իսրայելի ռազմաօդային ուժերի և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համատեղ զորավարժությունների շրջանակում ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչները չորեքշաբթի հրթիռներ կարձակեն Իսրայելի հարավում գտնվող թիրախների վրա, գրում է Time of Israel-ը։
Իսրայելական «12 ալիքը» հայտնել է, որ Նեգև անապատի թիրախները նմանակում են Իրանի միջուկային օբյեկտներին: Նրա տվյալներով՝ ռմբակոծիչները 100 տոննա պայթուցիկ կնետեն բունկերները ոչնչացնելու համար։
Ամերիկացի պաշտոնյան ամերիկյան լրատվամիջոցներին ասել է, որ զորավարժությունների ընթացքում իրանական թիրախների մոդելներ չեն լինի՝ վստահեցնելով, որ զորավարժությունները ուղղված չեն որևէ կոնկրետ հակառակորդի, այլ ավելի շուտ նախատեսված են Իրանին և Չինաստանին ուղերձներ ուղարկելու համար:
Իսրայելի Պաշտպանության բանակը լրագրողներին ընդհանրապես չի տեղեկացրել զորավարժությունների մասին, բացառությամբ զորավարժությունների մեկնարկի մասին կարճ հայտարարության՝ որոշ լրացուցիչ մանրամասներով, ինչպես դա արել է CENTCOM-ը։
ԱՄՆ-ի ղեկավարությամբ զորավարժությունները, որոնց մասնակցում են ավելի քան 140 ինքնաթիռներ, 12 ռազմածովային նավեր և հրետանային համակարգեր երկու երկրներից, կավարտվեն այս շաբաթվա վերջին:
ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ զորավարժությունները նպատակ ունեն ցույց տալ այնպիսի հակառակորդներին, ինչպիսին Իրանն է, որ Վաշինգտոնի ուշադրությունն այնքան էլ շեղված չէ դեպի Ուկրաինայի պատերազմը և Չինաստանի սպառնալիքները:
CENTCOM-ը նշել է, որ ուժերը կկիրառեն համատեղ հրամանատարություն և կառավարում, օդային գործողություններ ծովային վերջրյա մարտերում, որոնողափրկարարական մարտական գործողություններ, էլեկտրոնային հարձակումներ, հակառակորդի հակաօդային պաշտպանության ճնշում, հարվածների համակարգում և հետախուզություն, ինչպես նաև օդից որսում:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ զորավարժություններին ներգրավված 142 ինքնաթիռներից 100-ը ամերիկյան են, այդ թվում՝ չորս B-52 ռազմավարական ռմբակոծիչներ, չորս F-35 կործանիչներ, 45 F/A-18 կործանիչներ և երկու MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր: