Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցին 19-րդ դարում կանխել է ժանտախտի տարածումը․ Hurriyet

Ստամբուլի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ եկեղեցու կացարանային հատվածում բռնկված հրդեհից հետո Թուրքիայում սկսեցին տարբեր հրապարակումներ գրել եկեղեցու հրաշագործությունների մասին։

Թուրքական Hurriyet-ը անդրադարձել է Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման և դրանից հետո տեղի ունեցած հրաշքի մասին։

Բեյօղլուի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմքերը գցվել են 1831 թվականին, իսկ արդեն օծումը տեղի է ունեցել 1834 թվականի հունվարի 13-ին։

Երբ եկեղեցին բացվել է, Ստամբուլում ժանտախտ է տարածված եղել։  Եեկեղեցու հայ հոգևորականները այն ժամանակվա սուլթան Մահմուդ 2-րդից թույլտվություն են վերցնում, և Վատիկանից ուղարկված Աստվածամոր սրբապատկերը պտտում են Ստամբուլի փողոցներում և աղոթում, որ ժանտախտը անհետանա։ Եվ շատ կարճ ժամանակ անց ժանտախտը վերանում է։

Ստամբուլի բնակիչները այս հրաշքը կապում են հենց հայկական եկեղեցու հետ և բոլորը շտապում են հայկական եկեղեցի։

Իր հերթին սուլթան Մահմուդ 2-րդը որպես շնորհակալություն՝ հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցուն 8 անկյուն ունեցող բարձրորակ ադամանդներից զարդ է նվիրում, որը ամեն Հարության տոնին կախում են Աստվածամոր սրբապատկերի վրա։

Նշենք, որ հունվարի 23-ի երեկոյան Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ եկեղեցու կացարանային մասում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել են 75-ամյա տղամարդ և 78-ամյա մի կին։