Իսրայելի նախագահը ՀՀ գործընկերոջը ցավակցել է հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Իսրայելի պետության նախագահ Իսահակ Հերցոգը ցավակցական նամակ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակից, նամակում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Խնդրում եմ, ընդունեք իմ խորին ցավակցությունները ձեր զինվորների կյանքը խլած սարսափելի ողբերգության կապակցությամբ:

Իսրայելի պետությունը իր զինվորների մահվան հարցում ազգային փորձ ունի: Մենք անձամբ ծանոթ ենք այն շոկին ու ցավին, որոնք ուղեկցում են մեկ ակնթարթում այսչափ դաժանորեն երիտասարդ կյանքեր ավարտող դեպքի:

Ես ուղարկում եմ ձեզ ուժ և աղոթքներ մինչ դուք սփոփում եք զոհերի ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին իրենց սուգի ընթացքում: Վիրավորներին մաղթում եմ ամբողջական և  շուտափույթ ապաքինում՝ թե՛ մարմնի, և թե՛ ոգու:

Ինչպես մենք ենք ասում հրեական ավանդությանը համաձայն՝ թող մահացածների հիշատակը օրհնություն լինի: Լիահույս եմ, որ 2023 թվականը խաղաղություն, ներդաշնակություն կբերի ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

Հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։