Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ

«Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտարարում է, որ պահպանելով ներկայումս գործող օրական 6 ժամյա անջատման ժամանակացուցը, հաշվի առնելով ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, ս․թ․ հունվարի 25-ի ժ 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։

Գործող 3 խումբը վերաձևավորվել է 4 նոր խմբի, որոնցում ներգրավված հասցեներին և ժամանակացույցին կարելի է ծանոթանալ առանձին հրապարկումների մեջ։

Հիշեցնենք, որ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Թշնամին կտրել է Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, անջատել է գազամատակարարումը։

Չնայած տարբեր երկրների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը թշնամու կողմից Արցախի պաշարումը շարունակվում է։