Բաքուն պահանջում է քայլեր ձեռնարկել Կարեն Խաչանովի դեմ

Բաքուն Թենիսի միջազգային ֆեդերացիայից և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայից պահանջում է քայլեր ձեռնարկել հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովի դեմ։

Անցած օրերին, Ավստրալիայի բաց առաջնությունում տարած հաղթանակներից հետո, Խաչանովը տեսախցիկի օբյեկտիվի վրա Արցախին աջակցող գրառումներ էր արել՝ «Արցախ, ուժեղ մնա», «Շարունակեք հավատալ մինչև վերջ, ուժեղ եղիր, Արցախ»։

«Թենիսիստը պետք է պատժվի սադրիչ գործողությունների համար և չպետք է թույլ տալ, որպեսզի նման իրավիճակը կրկնվի»,- հայտարարարել է Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան։

Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած մարզիկը հետխաղային ասուլիսում հայտարարել է, որ իրեն ոչ ոք չի արգելել գրել տեսախցիկին Արցախի մասին։

«Ինձ արգելելու կամ պատժելու պահանջների մասին ոչինչ չեմ լսել։ Ինձ ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա։

Բացմիցս ասել եմ, որ ունեմ հայկական արմատներ և ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին այդ ուղերձներով։

2021-ն կնոջս և որդուս հետ այցելել էի Հայաստան։ 10-12 օրում եղանք բազմաթիվ գեղեցիկ վայրերում, վանքերում։ Ավելի լավ ճանաչեցի երկիրը։ Վերջում էլ վարպետության դաս անցկացրեցի 300-400 երեխաների համար։ Զարմացած էի, թե ինչքան ուժեղ էին նրանք ցանկանում տեսնել ինձ։ Շատ հաճելի էր»,- ասել է Խաչանովը։