ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորն իրեն թույլ է տվել դատողություններ անել Փաշինյանի կնոջ պահվածքի մասին (տեսանյութ)

ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավոր Կոնուլ Նուրուլլաևան իրեն թույլ է տվել դատողություններ անել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ պահվածքի մասին։

Ելույթ ունենալով վեհաժողովի նիստում՝ Նուրուլլաևան որոշել է արտահայտվել ու քննադատել Աննա Հակոբյանի մասնակցությունը Թեհրանում կայացած «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային կոնգրեսին»։

«Ինչպե՞ս նա կարող է արդարացնել իր մասնակցությունը քարոզչական արշավին, որին մասնակցել են ընդամենը 10 երկրների առաջին տիկիններ»,- հարց է հնչեցրել ադրբեջանցի պատվիրակը: Նրա խոսքով, «Իրանում այս միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը հակասում է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ արևմտյան երկրների միասնական դիրքորոշմանը»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հակադարձել է․ «Լսելով ժողովրդավարության գովաբանումը մի երկրի ներկայացուցչից, որն աշխարհում ամենառեպրեսիվներից է, որի «ձեռքբերումները» արձանագրված են բոլոր միջազգային կազմակերպությունների զեկույցներում, մենք կարող ենք արձագանքել միայն ֆեյսփալմով (դեմքը ձեռքի ափով փակող ժեստով – խմբ.)»: