Զելենսկին արգելել է պաշտոնյաներին լքել Ուկրաինան

Ուկրաինայի իշխանություններն արգելել են մի շարք պաշտոնյաների և իրավապահների արտասահման մեկնել առանց պաշտոնական նպատակների։ Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկին։
Նա հայտնել է, որ մի քանի կարևոր հրամանագրեր է ստորագրել, որոնք վերաբերում են պաշտոնյաների արտասահման մեկնելուն։
«Արգելքը վերաբերում է կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման տարբեր մակարդակների բոլոր քաղաքացիական ծառայողներին: Արտերկիր մեկնելն արգելված է նաև  իրավապահներին, պատգամավորներին, դատախազներին և բոլոր նրանց, որոնք կարող են աշխատել պետության համար: Եթե հիմա ուզում են հանգստանալ, պետական ծառայությունից դուրս են հանգստանալու։ Պաշտոնյաներն այլևս չեն կարող մեկնել արտերկիր հանգստի կամ որևէ այլ ոչ պետական նպատակով»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Նա հավելել է, որ հինգ օրվա ընթացքում Նախարարների կաբինետը պետք է մշակի պաշտոնյաների համար սահմանը հատելու այնպիսի ընթացակարգ, որ միակ հիմքը երկրից դուրս գալու լինի միայն ծառայողական գործուղումը։