Արարատ Միրզոյանը Բելգիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարևորել են նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը, գործարար շփումների ակտիվացումը։