Ադրբեջանը կրկին չի հրավիրվել մասնակցելու Եվրախորհրդարանի կոմիտեի նիստին

Ադրբեջանը Բրյուսելում չի հրավիրվել մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին։ Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղեկացրել է Բելգիայում Ադրբեջանի դեսպան և Եվրամիությունում ադրբեջանական առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովը, գրել է infoteka24.ru-ն։

Ինչպես նշել է պարբերականը, հատկանշական է, որ Հայաստանը Եվրախորհրդարանից հրավեր ստացել է։ «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արդեն Բրյուսելում է, որտեղ հանդես կգա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում եւ կներկայացնի հումանիտար իրավիճակն Արցախում՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ։ Հայտնի է նաեւ, որ այսօրվա նիստում ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները որոշում կընդունեն Հայաստան մոնիթորինգային առաքելություն ուղարկելու մասին»,- գրել է պարբերականը։