Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որևէ ձևով չի կարող կապ ունենալ․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը բանակի վրա ծախսելու գումարի որևէ խնդիր չունի. որևէ դեպք չի եղել և չկա 2018-ի պատճառով, որ գումարի պատճառով  մենք որևէ գնում չկատարենք: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մոդուլային զորամասեր կարելի էր ստեղծել սեպտեմբերից սկսած, ոչ թե ճոխ ծախսեր անել:

Հարցին, թե 1-2 տարին բավարար չէ՞ր, որ Ազատ գյուղում գտնվող զորամասը նորմալ կահավորվեր և նման դեպք չլիներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դա շինարարական ջոկատ է, որի անմիջապես կողքը կա նաև մոդուլային հավաքած տնակ: Այդ տնակի ամենամեծ խնդիրն այն է եղել, որ չեն պահպանվել անվտանգության կանոնները: Օրինակ, պատուհաններին ճաղավանդակներ չպետք է լինեին: Դրա համար մարդիկ, որոնք պատասխանատու են եղել անվտանգության համար, այդ մարդիկ պատժվել ու պատժվելու են: Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել: Եթե այս փոփոխությունները չլինեին, ես վստահեցնում եմ, որ նման պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել:

Այնուամենայնիվ, դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և փորձել դա մտցնել քաղաքական օրակարգ, անտեղի եմ համարում»:

Անդրադառնալով նրան, որ պաշտպանության նախարարը պաշտոնանկ չի արվել, ԱԺ նախագահն ասաց. «Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որևէ ձևով չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքը ամբողջովին արել է:  Այդ քաղաքական սակարկումները նախարարի վերաբերյալ սին ու անտեղի եմ համարում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։