Իրանը չի բացառում միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը
Իրանը չի բացառում միջուկային զենքի չտարածման պայմանագրից (NPT) դուրս գալու հնարավորությունը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը։
Մեկնաբանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «ահաբեկչական» կազմակերպություն հայտարարելու Եվրամիության վերջին որոշումը՝ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ Իրանի խորհրդարանի որոշումը, որը կառավարությանը պարտավորեցնում է եվրոպական երկրների բանակները ճանաչել ահաբեկչական, ի պատասխան արվող քայլ է։
Խոսելով ԵՄ ԱԳ նախարար Ժոզեպ Բորելի հետ իր զրույցի մասին՝ Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ Եվրախորհրդարանի բանաձևը պարտավորեցնող չէ և ընդամենը եվրոպացի խորհրդարանականների մի մասի զգացմունքների արտահայտությունն է։
Հարցին, արդյո՞ք NPT-ից դուրս գալը կլինի Իրանի ի պատասխան արվող քայլերից միայն մեկը, Ամիր-Աբդոլլահիանն ասել է. «Եվրոպական քաղաքական առաջնորդների մի փոքր մասը, այդ թվում՝ Գերմանիայի արտգործնախարարը, դիվանագիտության փորձ չունեն»: Ուստի, եթե նրանք չվերադառնան ռացիոնալությանը և չշտկեն իրենց դիրքորոշումը, ցանկացած միջոցի կիրառումը հնարավոր է»։