Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ համառոտ․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու վերաբերյալ տեղեկություններ

Շուրջ մեկ ու կես ամիս է` ինչ ադրբեջանական այսպես կոչված «էկոակտիվիսների» կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է, որի արդյունքում Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը պետնախարար Ռուբեն Վարդաննյանի հեռացման պահանջ է ներկայացրել։ Վերջինս էլ իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեն հայտարարել է,որ մշակվել է սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել է , որ շրջափակման պատճառով ավելի քան մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Մանուկյանի խոսքով՝ Շուշի-Քարին տակ հատվածում մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։

Պաշտոնական լրահոս

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ համաձայն որի գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից,իսկ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։

ԱՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել Նախագահի խորհրդական – հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 18-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները: ԱՀ նախագահը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով: Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Դրա փոխարեն, հունվարի 17-ին գազամատակարարման խաթարման հետևանքով ստեղծվել են նոր լրջագույն խնդիրներ:

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակումից հետո Ադրբեջանը ստիպում է հայերին լքել իրենց հինավուրց հայրենիքը։

Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն հունվարի 16-ին հրատապ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանելու հետ կապված: Քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը գնալով խորանում է:

ԼՂ հակամարտության և Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքը։

Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ: Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։հայտարարել է , որ Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի,նշելով, որ տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Նա նաև նշել է, որ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն, պետք է ազատ լինի ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազուն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից։ Անդրադառնալով Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններին, թե շրջափակում չկա, պատգամավորն ընդգծեց՝ Լաչինի միջանցքում ռազմաշունչ «բնապահպաններ» են կանգնած։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ է արել անհապաղ և ամբողջությամբ բացել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը։

ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ։

Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ համատեղ բանաձև է ընդունել,որտեղ կոչ է արվում Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ սկսել։