ՆԱՏՕ-ն ամրապնդում է քաղաքական երկխոսությունը գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի հետ

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ մեկնել է Հարավային Կովկաս՝ այցելելով Հայաստան և Ադրբեջան։ Այցը ՆԱՏՕ-ի այս երկու կարևոր գործընկեր երկրներում պարոն Կոլոմինայի հերթական քաղաքական խորհրդակցությունների մի մասն էր: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի կայքը։

Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Պարոն Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության գործում։

Պարոն Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։ Նա ընդգծել է ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը: Պարոն Կոլոմինան ողջունել է նաև Եվրամիության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում: