Հրդեհից մահացած 15 զինվորներից 14-ին հայտնաբերել են անկողնում․ փրկարար ծառայության գնդապետ

Գեղաքունիքում ողբերգական դեպքից մահացած 15 զինվորներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին պառկած վիճակում։ Այս մասին Հանրային հեռուտաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ հայտարարեց ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։

«Վարկած է, որ տղաները ծխահարվել են և ուղղակի չեն արթնացել, անկողնուց դուրս չեն եկել։ Մի հոգին մուտքի մոտ է հայտնաբերվել, փորձել է փրկվել, բայց չի ստացվել»,-ասաց Սարոյանը։

Փրկարար ծառայության գնդապետը հայտնեց, որ այդ շինության ներսում 21 հոգի են եղել։ Մինչև փրկարարների հասնելը 6-ը դուրս են եկել իրենց ուժերով, երեք ինչպես արդեն հայտնի է տարբեր այրվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բուժկենտրոն, այնուհետև Երևան։

Անդրադառնալով հարցին՝ հնարավոր էր կրակն այդքան արագ տարածվեր, Սարոյանը նշեց, որ շենքը ամբողջությամբ քարից չէր, «բաղդադ» տիպի շինություն է եղել, և ամենայն հավանականույթամբ կրակի արագ տարածման պատճառը դա է։

Ինչ վերաբերվում է կանխելուն, նա չբացառեց, որ եթե սկզբնական բոցավառման փուլում հրդեհամամարման սարքեր լինեին, հնարավոր կլիներ ինչ-որ բան փոխել։