Բունդեսթագը 2014թ. եզդիների կոտորածը ցեղասպանություն է ճանաչել

Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Բունդեսթագը, եզդիների 2014թ. կոտորածը Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից ճանաչել է ցեղասպանություն և կոչ է արել միջոցներ ձեռնարկել եզդիական փոքրամասնությանն օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացրել է DW-ն։

Բունդեսթագի պատգամավորներն աջակցել են Գերմանիայի կառավարող ձախ կենտրոնամետ կոալիցիայի երեք խորհրդարանական խմբերի և խորհրդարանի պահպանողական անդամների առաջարկին, որն արժանացել է եզդիների համայնքի ներկայացուցիչների հավանությանը։

Բունդեսթագը «եզդիների համայնքի դեմ կատարված հանցագործությունները ճանաչում է որպես ցեղասպանություն՝ Միավորված Ազգերի Կազմակերպության քննիչների իրավաբանական գնահատականներից հետո», նշվել է բանաձևում, մի շարք երկրների՝ ներառյալ Ավստրալիայի, Բելգիայի և Նիդեռլանդների, համանման քայլերից հետո։

Բանաձևը դատապարտում է «աննկարագրելի գազանությունները» և «տիրանների անարդարությունը», որոնք կատարել են ԻՊ-ի գրոհայինները՝ «նպատակ ունենալով լիովին բնաջնջել եզդիական համայնքը»։

Բանաձևը կոչ է անում Գերմանիայի դատական համակարգին շարունակել քրեական գործերը Գերմանիայում կասկածվողների հանդեպ, իսկ կառավարությանը՝ ավելացնել աջակցությունն Իրաքում հանցագործությունների ապացույցների հավաքման համար, մեծացնել ֆինանսավորման չափը՝ եզդիների ավերված համայնքները վերականգնելու համար։

Կոչ է արվում նաև կատարել եզդիների դեմ հանցագործությունների փաստագրում՝ պատմական հաշվետվողականությունն ապահովելու և Բաղդադի վրա, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով, ճնշում գործադրելու համար։