Զինդատախազը բացառում է ԱԹՍ–ի տարբերակը

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը բացառում է, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառը կարող է ԱԹՍ–ն լինել։ Նա այդ մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում` անդրադառնալով դեպքի առնչությամբ առկա վարկածներին։

«ԱԹՍ–ի որևէ տվյալ չունենք` ո՛չ քննչական մարմինները, ո՛չ էլ դատախազությունը։ Կարծում եմ, որ բացառված է, քանի որ ողջ մնացած զինծառայողներ, սպա կա, և նրանց հետ զրույցները ցույց են տալիս, որ պայթյուն տեղի չի ունեցել»,– նշեց Էլիզբարյանը։

Նա ընդգծեց, որ այժմ հարցաքննությունների և փորձաքննությունների փուլն է։ Ներկա պահին քննիչները 2-3 զինծառայողի արդեն հարցաքննել են, այդ թվում` հոսպիտալում գտնվող զինծառայողի։

Էլիզբարյանի խոսքով` այժմ իրականացվում են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, և, քանի որ ոմանց մարմիններն անճանաչելի են, կվերցվեն գենետիկական նմուշներ։ Ողջ մնացածների դեպքում էլ դատաբժշկական փորձաքննություններ են արվելու` պարզելու վնասվածքների աստիճանները։ Նյութագիտական, պայթյունատեխնիկական, հրդեհագիտական և այլ համալիր փորձաքննություններ նույնպես անցկացվելու են։