Զինվորներից մեկը ծռել է ճաղավանդակը և դուրս եկել կիսաայրված վիճակում․ «Հրապարակ»

Վարդենիս խոշորացված համայնքի մաս կազմող Ազատ գյուղի բնակիչների հետ զրույցներից «Հրապարակը» պարզել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՊՆ N զորամասի սակրավորները առանձնացել են մյուսներից և ծառայությունը կրել են գյուղի մեկ հարկանի տանը։ Սակրավորների այդ կացարանը մեկ հարկանի էր, երեք սենյականոց։ Գյուղում պատմում են, որ վառարանը տեղադրված է եղել սենյակի դռան մոտ։ «Այդ դռնով դուրս գալ զինվորները չեն կարողացել, մնացել են սենյակի ներսում, որոշ մասը ծխահարվել է», – ասում է Ազատի պետական պաշտոնյաներից մեկը։

Փաստորեն, վառարանը փակած է եղել մուտքը, և տղաները չեն կարողացել դուրս գալ։

«Ակնթարթային հրդեհ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ տղաներից մեկը փորձել է 5 լիտրանոց ամանով մոտեցնել վառարանին և մարող կրակի վրա բենզին է փորձել լցնել, որ փեչը վառեն։ Կրակը հանգած է եղել», – պատմում է պաշտոնյան։

Բնակիչները պատմում են նաև, որ ժամկետային զինծառայողներից մեկը կարողացել է դուրս գալ։ Այս պահին նա կիսաայրված վիճակում է։

«Պատուհաններին եղել են ճաղավանդակներ, նա ճաղավանդակը թեքել է ու դուրս է եկել»։

Առավոտյան գյուղում լուր է տարածվել, թե զորամասում պայթյուն է եղել՝ ինչ-որ նյութեր, կամ զենքի պահեստ է պայթել, սակայն հետագայում այս լուրերը հերքվել են։ «Պայթյուն հաստատ չի եղել, ոչ ոք պայթյունի ձայն չի լսել», – պատմում էին մեր զրուցակիցները։

Այս պահին գյուղում լրագրողներ են։ 15 զոհված ժամկետային զինծառայողների մարմինները մինչև լուսաբաց արդեն տեղափոխել են Ազատից։