Վիրավորներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. նախարար

Վիրավոր զինծառայողներից երկուսը Այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են:

Այս մասին կառավարության նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով գիշերը տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, երբ զորամասում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 զինծառայող։

«Մեկի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքային պացիենտ է»,-ասաց նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։