Նիկոլը փորձում է ճնշում գործադրել Արցախի վրա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը լրագրող, քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանն է։

Իր վերջին ասուլիսին արած հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը փորձեց Արցախում գործընթացների պատասխանատվությունը հեռացնել իրենից, այն պատասխանատվությունը, որը մեր ընկալումներում զուգորդվում է դավաճանության, անհետևողականության, հայկական շահերի դեմ գործելու հետ։ LIVEnews.am-ի տաղավարում ասաց հաղորդման հյուրը։

Փաշինյանը իր հայտարարություններով Արցախի շրջափակման մեղավորներ կարգեց Ռուսաստանին և Ադրբեջանին, որոնք չեն կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Այնինչ, ըստ Էդուարդ Սարիբեկյանի, այդ հայտարարությունը ստորագրելու առաջին իսկ օրվանից հենց Փաշինյանը խախտեց այն, երբ այդ փաստաթղթի դրույթներին հակասող բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերեց Ալիևի հետ և ադրբեջանական զորքը բերեց ու կանգնեցրեց Սյունիքի քաղաքների սահմանագծում, նրանց հնարավորություն տվեց ռազմավարական բարձունքներ գրավել ու այնտեղից ազատ դիտարկել մեր կոմունիկացիաները, 2021-22 թվականներին հնարավորություն տվեց թշնամուն կանգնելու Սոթքի, Խոզնավարի, Վարդենիսի, Մարտունու, Ջերմուկի մոտակայքում։ Այդքանից հետո նա համարձակվում է ինչ-որ մեկից պահանջել, որ կատարեն նոյեմբերի 9-ի պայմանագրով ամրագրված պարտավորությունները։ Նա բարոյական իրավունք չունի բողոքելու, օրինակ, ռուսական կողմից, քանի որ նրանց դրել է այդ անելանելի վիճակում։

Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ հավաստիացնում էր, որ Արցախի վերաբերյալ իր տեսլականը, իր դիրքորոշումները չեն տարբերվում Արցախի իշխանությունների դիրքորոշումներից։ Այնինչ Արցախի ԱԽՔ-ի հայտարարությունը փաստեց, որ նա այդ հարցում ևս սուտ է խոսում։ Այդ հակասությունները ոչ միայն արցախցիների պայքարի ոգուն են վերաբերում, այլև Արցախի և ՀՀ կառավարությունների միջև փոխըմբռնում չկա։ Նա նաև նշեց, որ Արցախն այսօր ազատ է իր գործողություններում, քանի որ զերծ է ցանկացած ուղղակի ազդեցությունից՝ ՀՀ իշխանությունների, ադրբեջանական, ռուսական և այլն, ինչ այս օրերին կկատարվի Արցախում, մեզ կհուշի՝ արդյո՞ք արցախցին կուլ կգնա Փաշինյանի ճնշումներին, թե մենք ունենք այնպիսի Արցախ, որին ճանաչել ենք 30 տարի շարունակ՝ մարտնչող, իր ազատության համար պայքարող ու նախանձախնդիր։ Լաչինի միջանցքի փակումը և Արցախի շրջափակումը լակմուսի թուղթ է Արցախի համար։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում