ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել․ որոշվել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության նոր կազմը

ՀՀ ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունվարի 17-ին գումարել է արտահերթ նիստ, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ, որով Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավարի պաշտոնում լիազորությունները դադարած պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Բաբկեն Թունյանը: Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբում էլ Վահագն Հովակիմյանին կփոխարինի Մարիամ Պողոսյանը:

Մեկ այլ որոշմամբ էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ԱԺ ութերորդ գումարման պատվիրակության կազմում փոխարինող անդամ Էդուարդ Աղաջանյանին կփոխարինի Հռիփսիմե Գրիգորյանը՝ կրկին փոխարինող անդամի կարգավիճակում:

ԱԺ խորհրդի որոշմամբ կատարված փոփոխություններով Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունը կղեկավարի Սարգիս Խանդանյանը՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին:

Պատվիրակության փոխարինող անդամ Սարգիս Խանդանյանին կփոխարինի Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հռիփսիմե Գրիգորյանին՝ Լիլիթ Մինասյանը՝ կրկին փոխարինող անդամի կարգավիճակում: