Մի անգամ կարդացեք իրական պատմությունը, որ ստիպված չլինեք Արևմուտքի ու Թուրքիայի «կտերին» հավատալ ու զոհ դառնալ

Էդուարդ Շրմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի անգամ կարդացեք իրական պատմությունը, որ ստիպված չլինեք Արեւմուտքի ու Թուրքիայի «կտերին» հավատալ ու զոհ դառնալ։

Արեւմուտքի մուտքն Արցախ ու Հայաստան երազողներին հիշեցնեմ.

1918-ի օգոստոսի 4-ին բրիտանական 1800 հոգանոց զորքը հասնում է Բաքու:

Բրիտանացիների դեմ թշնամաբար տրամադրված բոլշևիկները օգոստոսի 12-ին փորձում են հեռանալ Բաքվից և փրկվել, սակայն ծովից նրանց հետ են տալիս:

Բոլշևիկները զինաթափվում են, նրանց ղեկավարները` բանտարկվում:

Բաքվին մոտեցող թուրք-թաթարական ուժերին դիմադրում էին միայն հայերը, կռվում ընկնում է հերոս ֆիդայապետ Սեբաստացի Մուրադը:

Համոզվելով, որ պարտությունն անխուսափելի է, սեպտեմբերի 15-ին անգլիացիները ևս լքում են դիրքերը և նավերով հեռանում Էնզելի:

Անգլիացիների Բաքվից հեռանալուց հետո հազարավոր հայեր թուրք-թաթարների կողմից սրի են քաշվում։

1918-ի սեպտեմբերի 15-ից թուրքական և ադրբեջանական բանակները մի քանի օրերի ընթացքում կոտորեցին հազարավոր հայերի:

Սպանված հայերի թիվը առնվազն ինը հազար էր: Կազեմզադեն, վկայակոչելով Հայոց Ազգային խորհրդին, նշում է 8.988 թիվը, որից 5.248-ը` Բաքվի հայեր, 1.500-ը` հայ փախստականներ, որոնք Կովկասի տարբեր մասերից ապաստան էին գտել քաղաքում, ևս 2.240 հայերի ինքնությունը, որոնց դիակները գտնվեցին փողոցներից, չպարզվեց:

Անգլիացիները վերադառնում են գեներալ Թոմսոնի գլխավորությամբ, երբ արդեն դաշնակիցները հաղթել էին Առաջին աշխարհամարտում:

Ի սկզբանե բրիտանացիներն իրագործում են հակահայ քաղաքականություն։

1918-ի աշնանն անգլիագիները թուրքերի հետ ամեն ինչ արեցին խոչընդոտելու Անդրանիկի բանակի մուտքն Արցախ՝դեպի Շուշի։

1918-ի դեկտեմբերի 1-ին Անգլիայի ռազմական ներկայացուցիչ Թոմսոնը եւ Ադրբեջանի վարչապետ Խան Խոյսկին Անդրանիկից պահանջում են դադարեցնել առաջխաղացումը:

Անդրանիկն իր ուժերով հետ է քաշվում Զանգեզուր, դեկտեմբերի 4-ին նա Գորիսում էր:

Օգտագործելով առիթը` անմիջապես մահմեդական հրոսակները հարձակվեցին Ղարաբաղի և Գորիսի միջև մնխցած երեք հայկական գյուղերը` Հարարը, Սպիտակաշենը և Պետրոսաշենը, դրանով իսկ ավելի մեկուսացնելով երկու լեռնային շրջանները միմյանցից:

«Անգլիացիների համար Ղարաբաղի, ինչպես և Զանգեզուրի ճակատագիրը որոշված էր. նրանք վճռել էին այդ հողամասերը միացնել Ազրբեջանին: 1919թ. հունվարի 15-ին Ազրբեջանը Թոմսոնի հավանությամբ Ղարաբաղ-Զանգեզուրի ընդհանուր նահանգապետ նշանակեց Խոսրով բեկ Սուլթանովին, որը հայերի աչքին հայատյացի և ջարդարարի համբավ էր վայելում: Այդ լուրն առնելուն պես` հունվարի 26-ին, Հայաստանի արտգործնախարար (Սիրական) Տիգրանյանը վճռական բողոք ուղարկեց Ազրբեջանի կառավարությանը` հայտարարելով, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանի անբաժան մասն են: Ազրբեջանի կառավարությունը պատասխանեց, որ այդ «շրջաններն Ազրբեջանի անվիճելի և անխախտ մասն են կազմում»,- գրում է Սիմոն Վրացյանը,որը ժամանակին եւս մոլորված հավատում էր Արեւմոպտքի օգնությանը։

Ավելին. Անգլիացիներն ընտրում են հայատյաց Սուլթանովին:

Գեներալ Թոմսոնը վավերացրեց Խան Խոյսկու` 1919-ի հունվարի 15-ին դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովի նշանակումը որպես Ղարաբղի ընդհանուր նահանգապետ։

Հայերն ապշած էին ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ բրիտանական հովանավորությունից, այլև ընդհանուր նահանգապետի ընտրությունից:

1919թ. փետրվարի կեսերին Շուշիում տեղի ունեցավ Ղարաբաղի հայերի համագումարը մերժեց Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու` Բաքվի կառավարության վերջնագիրը, և բողոքեց Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու որոշման դեմ:

Համագումարը միաձայն որոշում է չճանաչել Ադրբեջանի իշխանությունը, քանի որ Ղարաբաղը իր գրեթե միատարր հայ բնակչությամբ պետք է կցվի Հայաստանին` որպես նրա անբաժան մասը:

Հայերը գեներալ Թոմսոնին խնդրեցին արգելել ադրբեջանական պաշտոնյաների նշանակումը Ղարաբաղում:

Նրանք ներկայացրին խնդրի կարգավորման չորս տարբերակ. Ղարաբաղի ներառումը Հայաստանի կազմում, վարչական այն կառուցվածքի վերականգնումը, որը գոյություն ուներ Ղարաբաղում նախքան 1918թ. թուրքական ներխուժումը, բրիտանական ընդհանուր նահանգապետության հիմնադրում Լեռնային Ղարաբաղի, այսինքն` հայաբնակ Ղարաբաղի համար և չորրորդ` բրիտանական ընդհանուր նահանգապետության ստեղծում ամբողջ Ղարաբաղի համար` բաժանված հայկական և մահմեդական ինքնակառավարման առանձին գոտիների:

1919թ. մարտին գեներալ Թոմսոնի առաջարկով Ղարաբաղի հայերն ընտրեցին Բաքու մեկնելու պատվիրակություն, որը գլխավորեց Ազգային խորհրդի նախագահ Ասլան Շահնազարյանը:

Երբ ղարաբաղյան պատվիրակությունը հասավ Բաքու, գեներալ Թոմսոնը շտապ մեկնել էր Թիֆլիս` Անդրկովկասում բրիտանական գերագույն հրամանատարի պաշտոնում փոխարինելու Ֆորեսթիր Ուաքըրին:

Թոմսոնին Բաքվում փոխարինել էր գնդապետ Շաթելվորթը:

Վերջինս պատվիրակության հետ մի քանի հանդիպումներից հետո հրապարակեց շրջաբերական, որի առաջին իսկ կետում ընդգծվում էր, որ ընդհանուր նահանգապետ նշանակված Սուլթանովը վայելում է անգլիական հրամանատարության աջակցությունը:

1919-ի ապրիլին Անգլիայի ներկայացուցիչ Շաթելվորթն Ազգային խորհրդին հրահանգեց անցկացնել հինգերորդ համագումարը (ապրիլ 21-29) և ճանապարհվեց Շուշի` անձամբ պարտադրելու իր կամքը:

Բացման նիստում Շաթելվորթն ու Սուլթանովը խոստանում էին, որ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն անխախտ կմնա:

Բրիտանացին հատուկ ընդգծում էր տնտեսական գործոնը` հայտարարելով, թե Ղարաբաղը սովի կմատնվի, եթե անջատվի արևելյան հարթավայրից և Բաթում-Թիֆլիս-Բաքու երկաթուղու վրա գտնվող Եվլախի հանգույցից:

Արցախցիների զայրույթի չափն արտահայտված է ապրիլի 25-ին տված պատասխանում. «Ադրբեջանը եղել և մնում է թուրքերի մեղսակիցն ու դաշնակիցը` թուրքերի կողմից հայերի նկատմամբ ընդհանրապես, և Ղարաբաղի հայերի նկատմամբ մասնավորապես, իրագործված բոլոր վայրագությունների մեջ»:

Գեներալ Շաթելվորթը մայիսի 10-ին կրկին եկել էր Շուշի և փորձում էր Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Արղությանին ստիպել, որ նա հրապարակավ հայտարարի, որ հայկական կառավարությունն ընդունում է Ղարաբաղում Ադրբեջանի ժամանակավոր կառավարումը:

Արղությանը միայն պատրաստակամություն հայտնեց դիմել Ղարաբաղի և Զանգեզուրի հայերին, որպեսզի վերջիններս համագործակցեն բրիտանական իշխանությունների հետ:

Շաթելվորթն Արղությանին իր հետ տարավ Զանգեզուր, պահանջեց, որ նա իր հայրենակիցներին հորդորի` հնազանդվելու Սուլթանովին:

Գորիսում անգլիացի գեներալին այնքան թշնամաբար դիմավորեցին, որ նա մայիսի 19-ին զայրացած մեկնեց Բաքու:

Շուշիում ադրբեջանական ուժերը հունիսի սկզբին հարձակվեցին հայկական թաղամասերի վրա: Խոսրով բեկ Սուլթանովի եղբայրը` Սուլթան բեկը, մոտ 2000 թաթար-քրդական հեծելազորի հրամանատարությամբ գրոհեց հայկական Ղայբալիքենդ գյուղը:

Բրիտանական մի սպա հաղորդել է, որ գյուղի 700 բնակիչներից կենդանի է մնացել 98 մարդ:

Ապա մահմեդական ասպատակները հարձակվեցին մոտակա հայկական մի քանի գյուղերի վրա` Կրկժան, Փահլուլ և Ջամիլու, դրանք վերածելով ավերակների:

Նույնիսկ կոտորածից հետո Թոմսոնին փոխարինած գեներալ-մայոր Ջորջ Նորթոն Կորին մերժեց Ղարաբաղը բրիտանական կառավարման տակ դնելու հայկական խնդրագիրը:

Կորին նշում էր, թե Հայաստանը պիտի շնորհակալ լինի, որ բրիտանական պատասխանատուներն այլևս չեն պահանջում Զանգեզուրի ընդգրկումն ընդհանուր նահանգապետության սահմանների մեջ:

Հունիսի վերջերին ցեղասպան Սուլթանովը վերադարձավ Շուշի և առավել սարսափազդու վերսկսեց հայերին հնազանդեցնելու դժվարին գործը:

Արցախահայությանը հատկապես հիասթափեցրեց բրիտանական ռազմական նախարարության հայտարարությունը կայսերական ուժերը Շուշիից և ողջ Կովկասից դուրս բերելու ծրագրի մասին:

Անգլիացիները «փուռն են տալիս» արցախահայությանն ու միայնակ թողնում Ադրբեջանի դեմ անհավասար պայքարում։

1920թ. մարտին Շուշիում բռնկվում է ապստամբություն:

Ապստամբությունը ձախողվում է, ադրբեջանական զորքերը հրդեհում են Շուշին, կոտորում քաղաքի հայ բնակչությանը:

Երեք օրերի ընթացքում սպանվեցին հազարավոր հայեր: Ջարդից վեց տարի անց Շուշի է այցելում Մարիետա Շահինյանը. ՙՉի մնացել ոչինչ, որ կյանք հիշեցնի:

Առաջինը, որ ինձ ցնցեց, լռությունն էր: Այդքան սարսափելի լռություն ես չէի զգացել ոչ մի տեղ, երբե’ք: Այստեղ 1920թ. մարտին երեք օրվա ընթացքում հրդեհի ու ավերի են ենթարկվել 7000 տներ և մորթվել են, տարբեր թվեր են ասում, մեկն ասում է` երեք-չորս հազար, ուրիշները` ավելի քան 12 հազար հայեր՚:

Սա էր Արեւմուտքի «խերը»։

Այսքանից հետո դեռ կան «խելոքներ», որ Արեւմուտքին են սպասում։

Արեւմուտքը մեզ վաղուց փաթեթով Թուրքիան է «ծախել»։

Իսկ եթե ուզում ենք գործոն լինենք,նախ պետք է ազատվենք թուրքի ու նատօական կամակատարներից։

Հ.Գ. 100 տարվա մեջ շատ բան չի փոխվել։

Արեւմուտքի համար Այցախն Ադրբեջանին պետք է անցնի։

Կարևոր է ռուսներին Կովկասից հեռացնել, իսկ դրա համար Արևմուտքի ու Թուրքիայի շահեր սպասարկող «հայերի» պակաս չկա։