Թուրքիան Ուկրաինայի հարցում մի օր պետք է ցույց տար իր կոտոշները և ցույց տվեց. 2

Հուսանք, որ Մոսկվան չի հավատում ոչ միայն արցունքներին, այլև ստերին, մանավա՛նդ, եթե դրանք թուրքական են

 

Սկիզբը` այստեղ

Դեռ 2022թ. սեպտեմբերի 3-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ուկրաինան ցանկանում է գնել թուրքական «Բայրակթար» անօդաչու թռչող սարքեր քիմիական հեղուկացիրով՝ նախատեսված երկնքից քիմիական թունավոր նյութեր կամ մահաբեր վիրուսներ տարածելու համար:

«Բայրակթար» անօդաչու թռչող սարքերը, որոնց Ուկրաինան խնդրել է սարքավորել քիմիական նյութեր ցողելու սարքով, վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար. «РИА Новости»-ի տեղեկացմամբ , այս մասին ասել է ՌԴ զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

«Մեր տրամադրության տակ կա «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի թուրքական արտադրողին Ուկրաինայի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի հարցման հաստատումը՝ տվյալ ԱԹՍ-ները 20 լիտրից ավելի տարողությամբ աերոզոլների ցողման համակարգերով և մեխանիզմներով սարքավորելու հնարավորության վերաբերյալ»,- ասել է Կիրիլովը։

Գեներալը պարզաբանել է, որ «Բայրաքթարներն» ունեն մինչև 300 կիլոմետր թռիչքի հեռավորություն։ Եթե ​​դրանք սարքավորված լինեն քիմիական կամ կենսաբանական նյութեր ցողելու սարքով, ապա Ռուսաստանում քիմիական կամ կենսաբանական զենքի լայնածավալ օգտագործման իրական վտանգ կստեղծեն։

2018 թվականից Կիևը ներմուծել է «Բայրաքթար ՏԲ2» (Bayraktar TB2) հարվածային ԱԹՍ-ներ, իսկ 2021թ. վերջից Ուկրաինան արդեն զուգահեռաբար սկսել է վերոնշյալ ԱԹՍ-ների սեփական արտադրությունը՝ Անկարայի հետ համաձայնագրով, որի մանրամասները չեն հրապարակվել։

Օգոստոսի 8-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն ասել էր, որ «Բայրաքթար» արտադրող ընկերությունն իր երկրում գործարան է կառուցելու՝ «Բայրաքթար» ԱԹՍ-ներ արտադրելու համար։ Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն գնել և գրանցել է գործարանի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը։ Ընդ որում, ինչպես հայտնել են  ուկրաինական ԶԼՄ-ները, խոսքը ոչ միայն «Bayraktar TB2»-ի, այլև առավել ժամանակակից ու հզոր «Bayraktar Akıncı»  և «Bayraktar Kizilelma»  հարվածային ԱԹՍ-ների արտադրության մասին է, որոնցից առաջինն ունակ է թևավոր հրթիռ արձակել, իսկ վերջինը տուրբոռեակտիվ շարժիչով է, ուկրաինական AI-322F շարժիչով կարող է թռչել նույնիսկ գերձայնային արագությամբ ու ռադարների կողմից դժվար հայտնաբերվող է:

Ավելի վաղ թուրքական ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել էր, որ Ուկրաինայում սկսվել է համապատասխան գիտահետազոտական ​​կենտրոնի, ինչպես նաև թուրքական «Բայրաքթար» հարձակողական ԱԹՍ-ների արտադրության գործարանի կառուցումը, որը նախատեսվում է ավարտել 2 տարում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, ասել էր , որ եթե թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրություն հիմնվի Ուկրաինայում, ապա այն անմիջապես կհայտնվի Ուկրաինայի ապառազմականացման տակ, այսինքն՝ կոչնչացվի: Պեսկովը խոստացել էր, որ օբյեկտը, որի կառուցմամբ պետք է պետք է զբաղվի թուրք-ուկրաինական համատեղ ընկերությունը, անմիջապես կավերվի։ Ինչպես հայտնի է, «Baykar Makina» ընկերությունը պատկանում է երկու եղբայրների՝ Հալուք և Սելջուկ Բայրաքթարներին (վերջինս Թուրքիայի նախագահի փեսան է)։

Թե Թուրքիան կամ թուրքական հիշյալ ընկերությունը հետագայում, 2022թ. օգոստոսից հետո, ինչպե՞ս վարվեց՝ շարունակե՞ց Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ- ների արտադրության գործարանի կառուցումը, թե՞ դադարեցրեց, ՌԴ զինված ուժերը հարվածեցի՞ն գործարանին, թե՞ սպասում են, որ կառուցումն ավարտվի կամ մոտ լինի ավարտմանը, նոր հարվածեն, որպեսզի պատճառվելիք վնասն ավելի մեծ լինի, անհայտ է, այս մասին որևէ տեղեկություն չկա:

Անցած ամիսներին ռուսական ԶԼՄ-ները տեղեկություններ հրապարակեցին, որ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները ոչնչացրել են «Բայրաքթար» ԱԹՍ-ների ուկրաինական կայանը, Նիկոլաևի մարզում «Բայրաքթար» ԱԹՍ-ներով անգարը  Զապորոժիե քաղաքի «Մոտոր Սիչ» գործարանի տարածքում ինքնաթիռների վերանորոգման արտադրամասերին, որոնք արտադրել են թուրքական «Bayraktar TB2» և «Bayraktar Akıncı» ԱԹՍ-ների բաղադրիչներ:‰

Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության հետ կապված այս սկանդալի համապատկերին «Foreign Policy»-ն օրերս հայտնել է Թուրքիայի կողմից Ուկրաինային զրահատեխնիկայի ոչնչացման համար նախատեսված կասետային զինամթերք տրամադրելու մասին:

2022թ. նոյեմբերի վերջին Անկարան սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային զինամթերք է ուղարկել Կիև և մի քանի ամիս փորձել է թաքցնել նշված մատակարարումները, РБК-ի փոխանցմամբ , տեղեկացրել է «Foreign Policy»-ն և հավելել է, որ Կիևը երկար ժամանակ փորձել է դրանք ստանալ ԱՄՆ-ից, սակայն մերժում է ստացել, քանի որ այն, ԱՄՆ օրենսդրության համաձայն, չի կարող արտահանվել «խոտանի բարձր մակարդակի» պատճառով: «Foreign Policy»-ը վերոնշյալ տեղեկությունը հայտնել է՝ վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին: Նշվում է նաև, որ վերոնշյալ զինամթերքն արտադրվել է Թուրքիայում՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրով:

«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մերժեց (Ուկրաինային) հասանելիությունը կասետային զինամթերքին, Թուրքիան դարձավ միակ վայրը, որտեղ նրանք կարող էին ստանալ դրանք,- ասել է «Foreign Policy»-ի զրուցակիցներից մեկը:- Սա ցույց է տալիս, որ թեև Թուրքիան որոշ առումներով մոտենում է Ռուսաստանին, սակայն զգալի ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային»:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չեն արձագանքել «Foreign Policy»-ի հարցումներին։

Թուրքիան, ինչպես և ԱՄՆ-ը, Կասետային զինամթերքի մասին կոնվենցիայի մասնակից չէ, միջազգային պայմանագիր, որն արգելում է դրանց օգտագործումը, փոխանցումը և պահեստավորումը: Փորձագետները, որոնց հետ զրուցել է FT-ն, մտավախություն ունեն, որ դրանց օգտագործումը կարող է հետագայում դժվարացնել Ուկրաինայում ականազերծումը: Ինչպես նշել է հրատարակչությունը, կասետային զինամթերքը կրակելիս պատահականորեն ցրվում է և հաճախ չի պայթում:

Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին մեղադրել է Արևմուտքի երկրներին, որ նրանք, չնայած հայտարարում են Ուկրաինային ռազմական աջակցության մասին, Կիևին մատակարարում են «հնացած զենք և մետաղի ջարդոն» (այսինքն՝ ոչ թե հնացած զենք ու մետաղի ջարդոն պետք է տան, այլ նոր ու պիտանի զենք): Այս մեղադրանքի հեղինակը կեղծավորաբար այն կարծիքն է հայտնել, որ այս հակամարտությունում արևմտյան երկրների դիրքորոշումը սխալ է, քանի որ նրանց գործողությունները հիմնված են «կողմերին հրահրելու» վրա, մինչդեռ Անկարան հավատարիմ է մնում «հավասարակշռված քաղաքականությանը» և հանդես է գալիս հրադադարի օգտին։

Թեև Թուրքիան փորձել է հերքել Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու մասին տեղեկությունը, Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրը «РИА Новости»- ին հայտնել է, թե Թուրքիայից Ուկրաինա ամերիկյան նմուշի կասետային զինամթերք մատակարարելու մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են, Մոսկվան էլ Թուրքիայի հետ հարաբերությունները չսրելու քաղաքական նկատառումներով, այս կապակցությամբ դեռ վերջնական խոսք չի ասում, սակայն, կարծում ենք, համենայն դեպս, հուսանք, որ Մոսկվան չի հավատում ոչ միայն արցունքներին, այլև ստերին, մանավա՛նդ, եթե դրանք թուրքական են:

 

Արթուր Հովհաննիսյան