Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Քեմերոնի՝ Բաքու այցի մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների վարչության տնօրեն Մարկ Քեմերոնը այցով Ադրբեջանում է, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Բաքվում ԱՄՆ դեսպանությանը։

Հաղորդվում է, որ Բաքվում Քեմերոնը կմասնակցի դեսպանության աշխատակիցների հետ ներքին հանդիպումներին, ելույթ կունենա «Ամերիկյան անկյուն» միջոցառմանը եւ կհանդիպի տարբեր պաշտոնատար անձանց, տնտեսական ու քաղաքական զրուցակիցների եւ ԱՄՆ կառավարության այլ գործընկերների հետ:

«Իր հանդիպումների ժամանակ Մարկը կնշի, որ Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ եւ խաղաղ ապագայի ապահովման գործին: Նա կընդգծի, որ ուղղակի երկխոսությունը հիմնախնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- ասվում է հաղորդագրության մեջ։