Իշխանությունի գործողությունները ամեն օր բարդացնում են Արցախի հարցի լուծումը․ Էլինար Վարդանյան

Առաջին անգամ պետությունների և  միջազգային կառույցների կողմից հնչեցին կոչեր, որոնք հասցեական էին` ուղղված Ադրբեջանին: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության և հանցավոր անտարբերության ճիրաններում» քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը` խոսելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Շատ հաճախ այդ կոչերն ու հայտարարությունները ոչ թե ՀՀ կառավարության գործունեության արդյունք են, այլ Սփյուռքի մեր հայրենակիցների գործողությունների արդյունք են: Ասել, որ այս հայտարարությունները իսկապես որպես ճնշման գործիք կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ, միամտություն կլինի, որովհետև  հայտարարությունները եղել են հենց շրջափակման առաջին օրերից, մինչեդեռ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, մենք շատ լավ հասկանում ենք, որ այսպես կոչված էկոակտիվիստների հետևում Ադրբեջանի իշխանությունն է կանգնած»,-ասաց նա:

Վարդանյանի խոսքով` միջազգային հանրության հետ աշխատելու խնդիրը կայանում է նաև նրանում, որ այսօրվա իշխանությունների ընտրած «բառամթերքը» միջազգային հանրությանը տարակուսանքի մեջ է դնում:

«Երբ մենք տարբեր միջխորհրդարանական և միջազգային կառույցներում բարձրացնում ենք Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչից հրաժարվել են այս իշխանությունները, մեզ այնտեղ ասում են` ձեր պետությունում կողմնորոշվեք, ի վերջո, ի՞նչ եք ուզում, ձեր իշխանություններն այլևս Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին չեն խոսում, Արցախի ինքնորոշում չեն պահանջում, հետևաբար, ինչ եք դուք մեզանից պահանջում: Սա իսկապես լուրջ խնդիր է առաջացրել միջազգային հանրության հետ աշխատանքներում,  և դա է պատճառը, որ միջազգային հանրության հայտարարությունները հետևանքներ չեն առաջացնում»,- ասաց նա:

Ամփոփելով` Վարդանյանն ասաց, որ պետությունների և միջազգային կառույցների մինչ այժմ հնչեցրած հայտարարությունները արդյունք չեն տվել, քանի որ իշխանությունը «ձեռքերը լվացել է» Արցախի հարցից:

«Որև է միջազգային կառույց սեփական նախաձեռնությամբ որևէ բան չի անելու, այստեղ լուրջ աշխատանք է պետք, սակայն, ցավոք սրտի, ունենք հետևյալ կազուսային վիճակը. Արցախը զրկված է այդպիսի լուրջ միջազգային աշխատանք կատարելու հնարավորությունից, իսկ Հայաստանը չի ուզում նման աշխատանք կատարել: Միջազգային հանրության  հետ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք և ոչ թե նստել, հայացքներն ուղղել, ասել` լավ հայտարարություն էր, վատ հայտարարություն էր, դա բացառապես աշխատանքի արդյունք պետք է  լինի: Այստեղ բացառապես քաղաքական լուծումներ են անհրաժեշտ, որովհետև  ճգնաժամը քաղաքական է և  քաղաքական լուծումները պետք է կիրառվեն, իսկ քաղաքական լուծման միակ ճանապարհը հետևյալն է` եթե մենք ուզում ենք ունենալ Արցախ, դա նշանակում է ազատվել այսօրվա իշխանությունից, որովհետև իրենց գործողությունները ամեն օր բարդացնում են Արցախի հարցի լուծումը»,- եզրափակեց նա: