Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 13–ին,  ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը:

Իր խոսքում վարչապետը նշել է. «Հարգելի տիկին նախագահ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում նման ներկայացուցչական պատվիրակության հետ: Ձեր այցը շատ կարեւոր է մեզ համար եւ ունի թե՛ խորհրդանշական, թե՛ քաղաքական իմաստ: Կարծում եմ՝ այցն առաջին հերթին ի ցույց է դնում այն քաղաքական դինամիկան, որը գործնականում մեր երկրի անկախության ողջ շրջանում անընդհատ արտահայտվել է նորանոր դրսեւորումներով: Շատ ուրախ եմ արձանագրել, որ նաեւ մեր երկկողմ հարաբերությունները, որոնք մենք անվանում ենք առանձնաշնորհյալ, իրենց հենց այդ վերնագրին համարժեք արտահայտությունն են գտնում պետական կառավարաման եւ տեղական ինքնակառավարման բոլոր մակարդակներում:

Շատ կարեւոր է ընդգծել՝ մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ մենք մեր տարածաշրջանում, մեր երկրի շուրջ առաջացող եւ գոյություն ունեցող բոլոր խնդիրների արձագանքը տեսնում ենք Ֆրանսիայում, հատկապես Ֆրանսիայի խորհրդարանական պալատներում, եւ դա շատ կարեւոր է մեզ համար: Մենք անընդհատ առիթներ ենք ունենում ծափահարելու Ֆրանսիայի Ազգային ժողովին, Սենատին եւ, եթե ես հիմա այդ առիթները թվարկեմ, նույնիսկ բավական երկար կտեւի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ մեր խորհրդարանական գործընկերներին այդպիսի քաղաքական կամքի համար: Համոզված եմ, որ այս քաղաքական եւ մարդկային ջերմությունը, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ գոյություն ունի երկար տարիներ, նորանոր առարկայական դրսեւորումներ կունենա»:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ նշել, որ իր համար մեծ պատիվ է գտնվել բարեկամ Հայաստանում: Յաել Բրաուն-Պիվեն հիշատակել է Ազգային ժողովի եւ Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ընդունած հայտարարությունների ու բանաձեւերի փաստը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են ակտիվորեն ուշադրության կենտրոնում պահել արցախահայության խնդիրները եւ հետամուտ լինել դրանց լուծմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը եւ կարեւորվել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարեւորությունը:

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը եւ Յաել Բրաուն-Պիվեն շեշտել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Մասնավորապես, կարեւորվել է տնտեսության, զբոսաշրջության, կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում կապերի էլ ավելի խորացումը: Տեղեկացվել է, որ առաջիկայում սկսելու է գործել Մարսել-Երեւան ավիաչվերթը, ինչը կնպաստի տուրիզմի ոլորտում համագործակցության զարգացմանը: Քննարկվել են նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին եւ ընդգծել, որ ռեֆորմների հարուստ օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է: «Որեւէ իրադարձություն կամ խնդիր չպետք է մեզ շեղի բարեփոխումների ուղուց, մեր արձագանքը մարտահրավերներին պետք է լինի ասիմետրիկ»,- նշել է վարչապետը: